


Արմինֆո.Եթե չհաջողվի ընդդիմությանը համոզել նոր սահմանադրության նախագծի ընդունման անհրաժեշտությունը, իշխանությունները կգնան այլ սցենարով։ Այդ մասին հոկտեմբերի 22-ին ճեպազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին։
«Եթե մեզ չհաջողվի ընդդիմության գործընկերներին համոզել, որ նոր սահմանադրության ընդունումը պետության հարատևությունն ապահովող կարևոր և սկզբունքային հարց է, մենք կարող ենք արտահերթ ընտրություններ անցկացնել: Ո՞վ ասաց, որ այդ սցենարը բացառվում է», - հայտարարել է վարչապետը։ Նա ընդգծել է, որ պարտականություն ունի ՀՀ քաղաքացիների առջև՝ փոխել ՀՀ սահմանադրությունը և ստորագրել ու վավերացնել խաղաղության պայմանագիրը:
Նշելով, որ շուտով նոր սահմանադրության նախագիծը կներկայացվի հանրային քննարկման, ապա՝ խորհրդարան, Փաշինյանը վերստին ընդգծել է, որ այդ հարցն Ադրբեջանի հետ չի քննարկվում, քանի որ դա ներքաղաքական օրակարգ է: Նա պատմել է, որ այդ թեման քննարկվել է նաև Բիշքեկում Ադրբեջանի առաջնորդի հետ հանդիպման ժամանակ։ "Ես ադրբեջանական կողմին ասել եմ, որ մեզ համար անընդունելի է, երբ Ադրբեջանից բարձրացվում են մեր սահմանադրությանն առնչվող հարցեր, որովհետև դա մեր ներքին օրակարգն է։ Ադրբեջանական կողմի դիրքորոշումը հետևյալն է. նրանք ասում են, որ ընդունում են, որ սահմանադրության հարցը Հայաստանի ներքաղաքական հարց է, և ոչ ոք իրավունք չունի միջամտել երկրների ներքին կյանքին և ներքաղաքական կյանքին: Նրանք, պարզապես, տեղեկացնում են մեզ, քանի որ մենք քննարկում ենք խաղաղության պայմանագիր կնքելու հարցը, որ նրանք ունեն նման քաղաքական դիրքորոշում", - ասել է վարչապետը։


