
Արմինֆո. Հայաստանը կանգնած է ներքաղաքական իրավիճակի զարգացման երեք հնարավոր սցենարների առջև․ նոր սահմանադրության ընդունում, արտահերթ խորհրդարանական ընտրություններ կամ իմպիչմենտի միջոցով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռացում իշխանությունից: Նման կարծիք է հայտնել Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանը ՝ արձագանքելով հնարավոր արտահերթ ընտրությունների մասին Փաշինյանի հայտարարությանը։
«Այսօր կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանը բացահայտեց այն, ինչ առանց այդ էլ պարզ էր: Եթե իրեն չհաջողվի այս մեկ տարվա ընթացքում խորհրդարանում ապահովել նոր սահմանադրության անցկացման գործընթացը, ապա նա կարող է գնալ արտահերթ ընտրությունների:
Միաժամանակ ընդդիմության տիտղոսային հատվածը հայտարարում է, որ փողոցային պայքարը սկսելու է մեկ անգամ և պատեհ պահին:
Այս երկու հայտարարությունները իրականում Հայաստանի գալիք մեկ տարվա զարգացումների հիմնահան սցենարներ են։
Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու սահմանադրական հիմնական գործիքը իմպիչմենտն է, որը կարող է կիրառվել գործող Ազգային ժողովի լիազորությունների մեկնարկից ուղիղ մեկ տարի անց։ Նույն ժամանակացույցը՝ մեկ տարի անց, ունի նաև Նիկոլ Փաշինյանը, որպեսզի հարկ եղած դեպքում գնա արտահերթ ընտրությունների։
Այսինքն գալիք մեկ տարվա ընթացքում, եթե կողմերից և ոչ մեկին չհաջողվի տանել այլ հաղթանակ, ապա իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև:
Առաջինը, “Ալիևյան” սահմանադրության ընդունման գործընթաց։ Այս սցենարը հնարավոր է, եթե Փաշինյանին հաջողվի խորհրդարանական ընդդիմությունից պոկել բացակայող վեց մանդատները և սահմանադրության նոր տարբերակը հանել հանրաքվեի։
Երկրորդ սցենարը արտահերթ ընտրություններն են։ Այս սցենարը կյանքի կկոչվի, եթե Փաշինյանին մի կողմից չհաջողվի պոկել վեց բացակայող ձայները, մյուս կողմից՝ խորհրդարանական և հավաքական ընդդիմության վարկանիշը ընկնեն այնքան, որ հույս ներշնչեն Փաշինյանին արտահերթ ընտրություններով առավել մեծ ձայներ ստանալու համար։
Եվ երրորդ սցենարը իմպիչմենտն է, երբ փողոցային պայքարի ներքո խորհրդարանում հաջողվի հավաքել պահանջվող մեծամասնությունը ՔՊ-ական պատգամավորների հաշվին։
Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է:
1. Թույլ չտալ “անասնագողություն”։
2. Հասարակության մեջ չկորցնել, իսկ եթե հնարավոր է, ավելացնել գործող վարկանիշը, որպեսզի կանխել արտահերթ ընտրությունների միջոցով ընդդիմության ձայների նվազումը։
3. Հատվածական, թեմատիկ, ընթացիկ ակցիաներով և նախաձեռնություններով վառ պահել պայքարի կայծը, հարկ եղած դեպքում դրանից խոշոր հրդեհ ստանալու համար։
Հուսով եմ, ընդդիմության աշխատանքները այս ուղղությամբ առնվազն կկանխեն թե՛ սահմանադրության անընդունելի տարբերակի առաջխաղացումը, թե՛ արտահերթ ընտրությունների միջոցով փաշինյանական իշխանության ամրացումը Հայաստանում, իսկ ամենաօպտիմիստական սցենարի պարագայում իմպիչմենտի միջոցով կբերեն իշխանափոխության», - գրել է ՀՀԿ փոխնախագահը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։
Նշենք, որ հոկտեմբերի 22-ին լրագրողների հետ ճեպազրույցում Հայաստանի վարչապետը չի բացառել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, եթե չհաջողվի համոզել խորհրդարանական ընդդիմությանը կողմ քվեարկել նոր ՀՀ սահմանադրությունը հանրաքվեի դնելու որոշմանը:
Հիշեցնենք, որ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում կայացած հերթական խորհրդարանական ընտրությունների արդյունքում "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունն ունի 3/5 մեծամասնություն, որը թույլ է տալիս ընդունել սահմանադրական օրենքներ և նշանակել պաշտոններում, սակայն կուսակցությունը չունի ձայների 2/3 մեծամասնություն, որն անհրաժեշտ է ՀՀ սահմանադրության մեջ ուղղակի փոփոխություններ կատարելու համար: Հավելենք, որ Արցախի բռնազավթումից հետո Բաքվից հաճախ են հնչում ՀՀ սահմանադրության փոփոխության պահանջներ՝ այն պատճառով, որ այնտեղ, իբր, տարածքային նկրտումներ կան Ադրբեջանի նկատմամբ ։ Այս և մյուս պահանջների կատարումն ադրբեջանական կողմը ներկայացնում է որպես "խաղաղության պայմանագրի" կնքման նախապայման։