


ԱրմԻնֆո. Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անխուսափելի են, կարծում է Երևանի ավագանու "Մայր Հայաստան" խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը:
Քաղաքական գործիչը Facebook-ի իր էջում արձագանքելով երկրում հնարավոր արտահերթ ընտրությունների մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ եթե չհաջողվի ընդունել երկրի նոր սահմանադրությունը, համոզմունք է հայտնել, որ գործող խորհրդարանը չի արտացոլում Հայաստանի քաղաքացիների կամարտահայտությունը: «Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններն անխուսափելի են։ Ոչ լեգիտիմ խորհրդարանը չի արտացոլում ՀՀ քաղաքացիների ընտրության արդյունքը։ Վառ օրինակ, երեք հազար քաղաքացիների քվեն անտեսել ու մոտ 60.000 ձայն փոշիացնել։ Վերջնարդյունքում 5 մանդատ «սեփականաշնորհել», - գրել է Ստեփանյանը։
Նշենք, որ հոկտեմբերի 22-ին լրագրողների հետ ճեպազրույցում Հայաստանի վարչապետը չի բացառել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, եթե չհաջողվի համոզել խորհրդարանական ընդդիմությանը կողմ քվեարկել նոր ՀՀ սահմանադրությունը հանրաքվեի դնելու որոշմանը:
Հիշեցնենք, որ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում կայացած հերթական խորհրդարանական ընտրությունների արդյունքում "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունն ունի 3/5 մեծամասնություն, որը թույլ է տալիս ընդունել սահմանադրական օրենքներ և նշանակել պաշտոններում, սակայն կուսակցությունը չունի ձայների 2/3 մեծամասնություն, որն անհրաժեշտ է ՀՀ սահմանադրության մեջ ուղղակի փոփոխություններ կատարելու համար: Հավելենք, որ Արցախի բռնազավթումից հետո Բաքվից հաճախ են հնչում ՀՀ սահմանադրության փոփոխության պահանջներ՝ այն պատճառով, որ այնտեղ, իբր, տարածքային նկրտումներ կան Ադրբեջանի նկատմամբ ։ Այս և մյուս պահանջների կատարումն ադրբեջանական կողմը ներկայացնում է որպես "խաղաղության պայմանագրի" կնքման նախապայման։


