
ԱրմԻնֆո. Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի վրա հարձակումները և իր հանձնառությունը հայտնել է նման գործողությունների կրկնությունը կանխելու համար, հաղորդում է Հայ Դատի Երուսաղեմի կոմիտեն։
Հայ Դատը հայտնել է, որ 2026 թվականի օգոստոսի 7-ին նրանք Հերցոգին նամակ են ուղարկել, որում խորը մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայ համայնքի վրա հարձակումների վերաբերյալ և կոչ են արել ձեռնարկել անհրաժեշտ և արդյունավետ միջոցներ համայնքի անդամների և նրանց հաստատությունների պաշտպանությունն ապահովելու համար։
Իր պատասխանում Իսրայելի նախագահը անդրադարձել է այս միջադեպերի լրջությանը և իր հանձնառությունը հայտնել նման գործողությունների կրկնությունը կանխելու համար։ Նա նաև վերահաստատեց հայ համայնքի կարևորությունը, որը սերունդներ շարունակ եղել է Երուսաղեմի կյանքի արժեքավոր մասը։
«Ցանկանում եմ ընդգծել, որ կանեմ ամեն ինչ իմ լիազորությունների սահմաններում՝ օգտագործելով իմ տրամադրության տակ եղած բոլոր միջոցները, որպեսզի կանխեմ նման միջադեպերի կրկնությունը։ Ես համոզված եմ, որ այս անձինք չեն ներկայացնում Իսրայելի իրական դեմքը, և նրանց գործողությունները չեն արտացոլում ո՛չ մեր արժեքները, ո՛չ էլ մեր նվիրվածությունը հայ համայնքին, որը հին, սիրված համայնք է և սերունդներ շարունակ լավ ու հարգված հարևան է եղել Երուսաղեմում, որի հետ Հին քաղաքի հրեական համայնքը սերտ կապեր ունի», - հավելեց Իսրայելի նախագահը։ Երուսաղեմի Հայ Դատի կոմիտեն ողջունել է Հերցոգի հայտարարությունը, նրա պատասխանը որակելով կոմիտեի և հայ համայնքի կողմից բարձրացված հրատապ խնդիրների կարևոր ճանաչում։
«Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում նախագահ Իսահակ Հերցոգին իր արձագանքի և այս հարցը լուծելու իր հանձնառության համար։ «Մենք հույս ունենք, որ նրա խոսքերը կհանգեցնեն Երուսաղեմի հայ համայնքի անվտանգությունը, արժանապատվությունը և իրավունքները պաշտպանելու իրական և արդյունավետ քայլերի», - ասվում է Հայ Դատի հայտարարության մեջ։
Նշենք, որ Երուսաղեմի հայ համայնքը պարբերաբար ենթարկվում է իսրայելցի վերաբնակիչների հարձակումների։ Սոցիալական ցանցերում բազմիցս հայտնվել են վերաբնակիչների կողմից հայերի և Սուրբ Երկրում հայկական հոգևոր ժառանգության նկատմամբ թշնամական և ագրեսիվ վարքագծի կադրեր։ Վերջին օրինակներից մեկը զբոսանքի ժամանակ հայ դեռահասի վրա հարձակումն ու նրա դեմ պղպեղի սփրեյի կիրառումն էր։