


Արմինֆո. Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ընտրվել է COP17-ի նախագահ՝ երկու տարի ժամկետով: Այդ մասին հաղորդում է Շրջակա միջավայրի նախարարության մամուլի ծառայությունը՝ հղում անելով ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի (COP17) կողմերի համաժողովի բացման շրջանակներում կայացած լիագումար նիստի արդյունքները։
«Այս պատասխանատվությունը ստանձնում եմ բոլոր կողմերին անաչառ ծառայելու, յուրաքանչյուրի ձայնը լսելի դարձնելու և մեր համատեղ ջանքերը շոշափելի արդյունքների վերածելու հանձնառությամբ», - նշել է նա՝ շնորհակալություն հայտնելով իր նկատմամբ ցուցաբերած վստահության համար։
Բացման ելույթում նախարարն ընդգծել է, որ Երևանում ունենք բացառիկ հնարավորություն գնահատելու կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ արձանագրված առաջընթացը և համաձայնեցնելու հետագա կոնկրետ քայլերը։
«Մինչև 2030 թվականը սահմանված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է արագացնել աշխատանքը՝ ստանձնած հանձնառությունները վերածելով իրական փոփոխությունների։
Հայաստանի նախագահությունը գործելու է բաց երկխոսության, ներառականության և փոխադարձ հարգանքի սկզբունքներով։ Մեր խնդիրն է կամրջել տարաձայնությունները, ձևավորել համաձայնություն և ապահովել բոլորի մասնակցությունը՝ կառավարություններից մինչև երիտասարդներ, գիտական հանրությունից մինչև մասնավոր հատված։
Թող Երևանը դառնա այն հանգրվանը, որտեղ ընդհանուր հանձնառությունները վերածվում են համատեղ գործողությունների՝ հանուն բնության, ներկա և գալիք սերունդների», - ասել է Մաթեւոսյանը։


