
Արմինֆո."Ուժեղ Հայաստան" խմբակցությունը փոփոխություններ է նախաձեռնել "Դեղերի մասին" օրենքում, որով նախատեսվում է Եվրոպական դեղերի պարզեցված գրանցում ևդրանց 20 տոկոսով էժանացում: Այդ մասին Facebook-ի էջում հրապարակված տեսանյութում հայտարարել է "Ուժեղ Հայաստան" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նա հիշեցրել է, որ Հայաստանում դժվար է գտնել մատչելի գնով և որակյալ դեղամիջոցներ։ Նրա խոսքով՝ այդ պատճառով քաղաքացիները հաճախ ստիպված են լինում արտասահմանից Հայաստան ժամանող բարեկամներին ու ծանոթներին խնդրել, որ իրենց համար անհրաժեշտ դեղորայք բերեն։ Բացի այդ, նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ այսօր երկրում գրանցված է մոտ 3 900 դեղամիջոց, մինչդեռ, Վրաստանում դրանց քանակը մոտ երեք անգամ ավելի է, իսկ եվրոպական երկրներում հասնում է 25 000-ի:
"Դեռևս նախընտրական քարոզարշավի շրջանակներում "Ուժեղ Հայաստան" դաշինքը ներկայացրել է քաղաքացիների բարեկեցության ապահովմանն ուղղված հինգ տնտեսական նպատակ։ Նախաձեռնություններից մեկը "Էժան դեղեր բոլորի համար" ծրագիրն էր, որը նախատեսում է դեղերի գների առնվազն 20% նվազում։ "Ուժեղ Հայաստան" խմբակցությունը հետևողականորեն հավատարիմ է իր նախընտրական խոստումներին։ Լինելով խորհրդարանական ընդդիմություն՝ խմբակցությունը շրջանառության մեջ է դրել "Դեղերի մասին" օրենքի վերանայման մասին օրինագիծ, որով նախատեսվում է պարզեցնել Հայաստանում եվրոպական դեղերի գրանցման ընթացակարգը", - պատմել է Աբրահամյանը։
Խորհրդարանական խմբակցության քարտուղարը պարզաբանել է, որ նախաձեռնությունն ուղղված է այն բանին, որպեսզի երկրի քաղաքացիներին ապահովեն եվրոպական չափանիշներին համապատասխանող որակյալ, մատչելի դեղերով: Նրա խոսքով ՝ այս պահին օրինագիծը քննարկման փուլում է: "Առաջիկայում քաղաքական ուժը մտադիր է այն քննարկել խորհրդարանական այլ խմբակցությունների ներկայացուցիչների հետ ։ Մենք ակնկալում ենք, որ համապատասխան քննարկումների արդյունքում կհաջողվի հասնել օրինագծի ընդունմանը եւ եւս մեկ կարեւոր քայլ կատարել Հայաստանի քաղաքացիների կյանքի որակի բարելավման ուղղությամբ", - եզրափակել է Աբրահամյանը: