


Արմինֆո.Հոկտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ռազմական ոստիկանության ղեկավար կազմի հետ անցկացրել է խորհրդակցություն։
Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում նախարարը վեր է հանել առկա խնդիրները, տվել համապատասխան հանձնարարականներ՝ կատարողական կարգապահության, զորամասերում կարգապահության ամրապնդման ուղղությամբ թիրախային աշխատանքներ տանելու, զորամասերի հրամանատարության հետ համագործակցությունը բարձրացնելու ուղղությամբ։
ՌՈ պետ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը զեկուցել է օպերատիվ իրավիճակը, ներկայում իրականացվող աշխատանքները:
Նշենք, որ օրեր առաջ հայտնի էր դարձել երկրի զինված ուժերի զինծառայողի մահվան հերթական դեպքի մասին։ ՊՆ-ում հաղորդել են, որ հոկտեմբերի 10-ին հայտնաբերվել է N զորամասի զինծառայողի Ա․Գ․-ի դին՝ հրազենային վնասվածքով:
Իրավապաշտպան կազմակերպությունների և անկախ աղբյուրների տվյալներով ՝ 2026 թվականի օգոստոսի վերջի դրությամբ ՀՀ Զինված ուժերում գրանցվել է ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան 31-35 դեպք ։ Հայաստանի ՊՆ պաշտոնական վիճակագրությունն այլ թիվ է ներկայացնում․ 2026 թվականի օգոստոսի կեսերի դրությամբ գերատեսչությունը պաշտոնապես հաստատել է մահվան 11 դեպք (որից 5-ը ժամկետային զինծառայողների շրջանում), սակայն իրավապաշտպաններն ու ընդդիմադիր պատգամավորները պնդում են, որ պաշտոնական տվյալները չեն արտացոլում խնդիրների իրական մասշտաբները և ներառում են պատահարների միայն մի մասը:


