


Արմինֆո. "Արթիկ" քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արմեն Սիմոնյանը դիմել է ԱրմԻնֆո-ի խմբագրություն՝ բանտի ղեկավարության կողմից անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ բողոքներով:
Նրա ասելով՝ ինքն արդեն 4 ամիս գտնվում է պահման անմարդկային պայմաններում, ենթարկվում է խոշտանգման։ Նրա խոսքով՝ ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ իրեն "ապօրինաբար" "Սևան" ՔԿՀ-ից տեղափոխել են "Արթիկ":
"Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանի, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի թեթև ձեռքով կազմակերպվեց իմ ապօրինի տեղափոխումն այստեղ՝ "Արթիկ": Այստեղ բառացիորեն "խմում են իմ արյունը", մարմնիս վրա արդեն ողջ տեղ չկա։ Նույնիսկ ինքնավնասումը չի փրկում իրավիճակը", - բողոքել է կալանավորը։
Սիմոնյանը նշել է, որ բանտի ղեկավարության "դրդմամբ" մյուս բանտարկյալները նույնպես հաճախ իրեն հասցնում են այնպիսի վիճակի, երբ ինքն իրեն վնասում է: "Ձեռքերիս ու ոտքերիս վրա այլևս ողջ տեղ չկա։ Ես այստեղ, պարզապես, գոյատեւում եմ", - բողոքել է նա։
Սիմոնյանը նաև հաղորդել է, որ ձգտում է հասնել իր տեղափմանը "Կենտրոն" քրեակատարողական հիմնարկ, քանի որ այնտեղ, որտեղ այժմ գտնվում է, անտանելի պայմաններ են, իսկ բանտապետն ու նրա ենթականերն իր "գլուխն ուտում են": Նա նաև հաղորդել է, որ այժմ գտնվում է մեկուսարանում։
ԱրմԻնֆո-ի խմբագրությունը կապ է հաստատել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ' պարզելու, թե արդյոք նրանք տեղեկացված են նշված կալանավորի վիճակի մասին, արդյոք նրանք ինչ-որ տվյալներ ունեն այդ ահազանգի վերաբերյալ: ՄԻՊ գրասենյակում խոստացել են ուսումնասիրել իրենց ստացած բողոքները և տեղեկատվության առկայության դեպքում տրամադրել այն:


