
Արմինֆո. «Թղթից՝ պրակտիկա. թվային որակի կառավարում Հայաստանի առողջապահական հաստատությունների համար» ծրագրի շրջանակում էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգը կառավարող «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերությունը և «Կենսաբժշկական սարքավորումների մասնագետների ասոցիացիա» ՀԿ-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել:
Ազգային օպերատորի մամուլի ծառայությունից ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրության համաձայն, հուշագիրն ուղղված է լաբորատոր տվյալների որակի վերահսկողությանը, լաբորատոր սարքավորումներից, լաբորատորիաների աշխատանքը կառավարող Լաբորատոր տեղեկատվական համակարգերից (ԼՏՀ) տվյալների՝ մասնագիտական ստանդարտներին համապատասխան փոխանցմանը էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգ:
Այս գործառույթների ապահովումը պահանջում է մասնագիտական գիտելիքներ: Ուստի, հուշագրի համաձայն, «Կենսաբժշկական սարքերի մասնագիտական ասոցիացիան», որն իրականացնում է լաբորատոր ստանդարտների ուսուցում և կարողությունների զարգացում, կվերապատրաստի ԱՐՄԵԴ-ի աշխատակիցներին:
«Թե՛ լաբորատոր սարքավորումներից, և թե՛ լաբորատորիայի աշխատանքը կառավարող Լաբորատոր տեղեկատվական համակարգերից տեղի է ունենում տվյալների ուղիղ փոխանցում ԱՐՄԵԴ համակարգ: Այս հուշագրի նպատակն է, որպեսզի այդ գործընթացի համար պատասխանատու աշխատակիցներն անհրաժեշտ մասնագիտական գիտելիք ու հմտություններ ձեռք բերեն, որը կնպաստի և՛ լաբորատոր աշխատանքի որակի
բարձրացմանը, և՛ որակի վերահսկողությանը, և՛ միասնական տվյալների առկայությունը ԼՏՀ-երում և ԱՐՄԵԴ-ում», - նշել է «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերության տնօրեն Ավետ Մանուկյանը:
«Մեր կազմակերպությունն իրականացնում է լաբորատոր տվյալների փոխանցման, կառավարման, անվտանգության և այլ խնդիրներին վերաբերող ISO որակի ստանդարտների ուսուցում և կարողությունների զարգացում, և մենք վստահ ենք, որ այս համագործակցությունից շահելու են թե՛ լաբորատորիաները, և թե՛ բուժառուները, քանի որ նրանց լաբորատոր տվյալների փոխանցումը կատարվելու է ամենաբարձր մակարդակով և միջազգային ստանդարտներին համապատասխան»,- ասել է «Կենսաբժշկական սարքավորումների մասնագետների ասոցիացիա» ՀԿ նախագահ Էդգար Հայրապետյանը:
"Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր" ՓԲԸ-ն Հայաստանում էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգը կառավարող օպերատորն է: Օպերատորը գործում է կոնցեսիոն համաձայնագրով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում․ "Կենսաբժշկական սարքավորումների մասնագետների ասոցիացիա" ՀԿ-ն միավորում է կենսաբժշկական սարքավորումների և առողջապահության որակի ոլորտի մասնագետներին և կազմակերպություններին և իրականացնում լաբորատոր չափորոծիչների ուսուցում:
Հիշեցնենք, որ 2023 թվականի փետրվարի 2-ին Հայաստանի կառավարությունը հավանություն էր տվել Առողջապահության նախարարության առաջարկած ԱՀԱ ներդրման հայեցակարգին, որի համաձայն, համակարգի ներդրումը նախատեսվում էր առաջիկա 4 տարիների ընթացքում։ 2023 թիվը դիտարկվել է որպես "նախապատրաստական", իսկ 2024-2026թթ.՝ "փորձարկումների փուլ"՝ 2027 թվականին ԱՀԱ ամբողջական ներդրմամբ։ Համակարգի ներդրման առաջին փուլը մեկնարկել է 2026 թվականի հունվարի 1-ին։