
ԱրմԻնֆո. «Տաթևի թևեր» ճոպանուղին նշում է գործարկման 16-ամյակը։ Հոբելյանական տարում հայկական նախագիծը հինգերորդ անգամ առաջադրվել է World Travel Awards հեղինակավոր միջազգային մրցանակին՝ World's Leading Cable Car Ride՝ «Աշխարհի լավագույն ճոպանուղի» անվանակարգում։
Ինչպես ասվում է ԱրմԻնֆո ստացված հաղորդագրության մեջ, նախորդ չորս առաջադրումներն ավարտվել են հաղթանակով․ «Տաթևի թևերը» World Travel Awards-ի դափնեկիր են դարձել 2021, 2023, 2024 և 2025 թվականներին։ Այս տարի նախագիծը հնարավորություն ունի հինգերորդ անգամ Հայաստանին բերել հեղինակավոր միջազգային մրցանակը։ 2026 թվականին «Տաթևի թևերը» մրցում են Բրազիլիայի, Վիետնամի, Նոր Զելանդիայի և ՀԱՀ-ի ճոպանուղիների հետ։
«Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակում ստեղծված ճոպանուղին, որը նախաձեռնել էին Ռուբեն Վարդանյանն ու Վերոնիկա Զոնաբենդը, գործարկվել է 2010 թվականին և գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղի՝ 5752 մետր երկարությամբ։ 16 տարի անց այն շարունակում է Հայաստանից և աշխարհի տարբեր երկրներից այցելուներին հասցնել Տաթև՝ Հայաստանի կարևորագույն պատմամշակութային կենտրոններից մեկը՝ Տաթևի վանական համալիր։
16 տարիների ընթացքում նախագիծը զգալի ազդեցություն է ունեցել նաև տարածաշրջանում զբոսաշրջության զարգացման վրա․ Սյունիքում զբոսաշրջային հոսքն աճել է 17 անգամ, մասնավոր ներդրումների ծավալը՝ 11 անգամ, իսկ Տաթևում, Գորիսում և հարակից բնակավայրերում բացվել է շուրջ 40 նոր հյուրատուն։ Ճոպանուղու գործարկումից ի վեր «Տաթևի թևերի» ծառայություններից օգտվել է շուրջ 1,6 միլիոն ուղևոր։
Այս տարիների ընթացքում Տաթևը զարգացել է նաև որպես մշակութային և իրադարձային զբոսաշրջության ուղղություն՝ հյուրընկալելով տարբեր փառատոներ, միջոցառումներ և նախաձեռնություններ։ Ալիձորի կայարանում արդեն մի քանի տարի գործում է փոքրիկ հուշանվերների խանութ, որտեղ ներկայացված են հայկական թեմատիկայով ապրանքներ, ինչպես նաև «Տաթևի թևերի» բրենդային հուշանվերների սեփական շարքը։
Հայաստանի բնակիչներն ու օտարերկրյա հյուրերը կարող են աջակցել «Տաթևի թևերին» և օգնել նախագծին մոտենալ հինգերորդ հաղթանակին։ Քվեարկությունը կշարունակվի մինչև 2026 թվականի հոկտեմբերի 30-ը։
«Տաթևի թևեր» ճոպանուղին կառուցվել է «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակում, որը համախմբել էր հազարավոր բարերարների, շինարարների և կամավորների ջանքերը։ Ծրագրի նպատակն էր ոչ միայն ճոպանուղու կառուցումը, այլև Տաթևի վանական համալիրի վերականգնումը, համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանն աջակցելը և ենթակառուցվածքների բարելավումը։
«Տաթևի թևեր» նախագծից ստացված եկամուտներն ուղղվում են Տաթևի վանական համալիրի վերականգնմանը և Տաթև համայնքի զարգացմանը։