


Արմինֆո. Երեւանն ընտրվել է Bloomberg LSE European City Leadership Initiative նախաձեռնությանը՝ եվրոպական քաղաքների քաղաքապետների և քաղաքային պաշտոնյաների համար հատուկ մշակված առաջատար մասնագիտական առաջնորդության և կառավարման ծրագրին մասնակցելու համար: Այդ մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Ծրագիրն իրականացվում է LSE Cities կենտրոնի կողմից ՝ Բեռլինի Հերտի կառավարման դպրոցի (Hertie School) հետ համագործակցությամբ:
Bloomberg LSE European City Leadership Initiative նախաձեռնությունը, որը մեկնարկել է 2025 թվականին, Երևանին կտրամադրի առկա հնարավորություններն առավել արդյունավետ օգտագործելու համար անհրաժեշտ ռազմավարություններ, հմտություններ և մասնագիտական կապեր: Ինտենսիվ իննամսյա ուսուցման ծրագրի և գործնական պատրաստության շրջանակներում մասնակիցները կուսումնասիրեն ապացուցված մոտեցումները ՝ առաջատար պրոֆեսորների, պետական քաղաքականության ոլորտի փորձագետների ղեկավարությամբ: Ծրագիրն նպատակաուղղված է աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, միջգերատեսչական փոխգործակցության կատարելագործմանը, գործընկերության զարգացմանը և քաղաքացիների համար շոշափելի արդյունքներ ապահովող լուծումների մշակմանը: Ծրագրի ընթացքում կմշակվի նորարարական մոտեցում բնակիչների առավել արդիական խնդիրներից մեկի լուծման նկատմամբ:
«Երևանի համար նման խնդիր է սահմանվել քաղաքային շարժունակության բարելավումը ՝ հատուկ ուշադրություն դարձնելով հասարակական տրանսպորտին: Խցանումները, երկար սպասման ժամանակը և ուղևորությունների անկանխատեսելի տևողությունը դժվարացնում են բնակիչների ամենօրյա տեղաշարժը և նվազեցնում քաղաքի տրանսպորտային համակարգի ընդհանուր արդյունավետությունը», - ասվում է հաղորդագրությունում:


