


Արմինֆո. «Ուժեղ Հայաստանը» ողջունում է Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին։
«Վերջերս, «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատվիրակությունը Ստրասբուրգում առանցքային հանդիպումներ ունեցավ Եվրամիության պաշտոնյաների հետ։ Մեր օրակարգային հարցերի կենտրոնում էր նաև հայ քաղբանտարկյալների և ռազմագերիների անհապաղ ազատ արձակման հարցը։ Մենք վերահաստատեցինք և համոզվեցինք, որ Եվրամիությունը պատրաստ է գործուն աջակցություն ցուցաբերել Հայաստանին։ Ակնհայտ է, որ Եվրոպական խորհրդարանի այս բանաձևն ընդունվել է ոչ թե Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության շնորհիվ և նրանց ջանքերով, այլ՝ ի հեճուկս նրանց։
Մինչ Եվրոպական խորհրդարանում դատապարտվում էր Ալիևի ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ և պահանվջում ազատ արձակել հայ ռազմագերիներին ու քաղբանտարկյալներին՝ ընդունելով այս բանաձևը, Նիկոլ Փաշինյանը կատակում և ծիծաղում էր Ալիևի հետ։
Այլևս անհերքելի է, որ Փաշինյանն Ալիևի կամակատարն է և երբեք չի համարձակվի հակադրվել իր տիրոջը և պաշտպանել Հայաստանի շահերը։
Եվրոպական խորհրդարանի այս բանաձևը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանը կարող է հասնել արժանապատիվ խաղաղության՝ առանց զիջումների։ Դրա համար պետք է լինել ուժեղ և համարձակորեն պաշտպանել մեր երկրի շահերը՝ չընկրկելով Ալիևի ճնշումների առաջ։ «Ուժեղ Հայաստանը» հաստատելու է խաղաղություն՝ առանց զիջումների», - ասվում է «Ուժեղ Հայաստանի» հայտարարությունում, որի տեքստը տրամադրվել է ԱրմԻնֆո-ին։
Հոկտեմբերի 8-ին Եվրախորհրդարանն ընդունել է Ադրբեջանում քաղբանտարկյալների վերաբերյալ բանաձև, որի համահեղինակներից է Ֆրանսիան ներկայացնող Եվրախորհրդարանի պատգամավոր Մարինա Մեժերը: Բանաձևի կետերից մեկում հիշատակվում է Ադրբեջանում պահվող հայերի մասին։ Բանաձևում հնչում է նրանց անհապաղ ազատ արձակելու պահանջ։


