
Արմինֆո."Վերածնվող Արցախ" հասարակական կազմակերպության նախագահ Անաստաս Իսրայելյանը նստացույց է սկսել Ազգային ժողովի դիմաց ՝ պահանջելով արցախցի փախստականների խնդիրների լուծում:
Լրագրողների հետ զրույցում նա հիշեցրել է, որ սեպտեմբերի 17-ին իրենք բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով հանդիպում խորհրդարանական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների հետ և խորհրդարանական լսումների կազմակերպոում: Իսրայելյանի ասելով՝ այն ժամանակ բոլոր երեք խմբակցությունների ներկայացուցիչներն ընդունել են խնդիրների առկայությունը և համաձայնել են դրանք կազմակերպել։ "Մեզ խնդրեցին միայն գրավոր դիմում ներկայացնել և ձևակերպել հարցերը։ Մեզ խոստացան, որ դրանք ուսումնասիրելուց հետո լսումներ կկազմակերպվեն։ Մենք նամակ ենք ուղարկել, սակայն մինչ օրս այդպես էլ պատասխան չենք ստացել", - պատմել է կազմակերպության նախագահը։
Նրա խոսքով՝ միակ կոնկրետ պատասխանը ստացվել է "Հայաստան" խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանից։ "Նա տեղեկացրել է, որ խմբակցությունը պատրաստ է քննարկել բարձրացված հարցերը և մասնակցել համապատասխան լսումներին։ Ընդ որում, Գրիգորյանը հստակեցրել է, որ իրենք պատրաստ են մասնակցել դրանց այն բանից հետո, երբ ստացվի խորհրդարանական մյուս խմբակցությունների համաձայնությունը", - նշել է Իսրայելյանը։
Նա նաև հաղորդել է, որ հանդիպում է տեղի ունեցել "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի հետ, սակայն չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ հարցեր են քննարկվել այդ հանդիպման ընթացքում: "Ուժեղ Հայաստան" խմբակցության վերաբերյալ Իսրայելյանը նշել է, որ իր հետ հանդիպել է միայն քաղաքական ուժի ներկայացուցիչը: Ընդ որում, նրա աասելով, պահանջը հենց այն խմբակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենալն է, որոնց հետ ի սկզբանե պայմանավորվածություն է ձեռք բերվել լսումներ անցկացնելու շուրջ:
Անդրադառնալով հոկտեմբերի 8-ին "Ուժեղ Հայաստան" խմբակցության նախաձեռնությամբ Արցախում 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը ռազմական ագրեսիայից հետո անհետ կորած անձանց հարցով տեղի ունեցած լսումներին՝ Իսրայելյանն ընդգծել է, որ խոսքը տարբեր մոտեցումների մասին է։ Նրա խոսքով՝ նման լսումներ պետք է անցկացվեն խորհրդարանական բոլոր խմբակցությունների, հատկապես, կառավարող ուժի ներկայացուցիչների մասնակցությամբ: "Մենք կոչ ենք անում բոլոր ուժերին ներկա լինել նման լսումներին, քանի որ այդ խնդիրները չեն լուծվում արդեն երեք տարի և այս ընթացքում միայն խորանում են։ Արդեն երեք շաբաթ է, ինչ խմբակցություններին լսումներ կազմակերպելու առաջարկ է ուղարկվել։ Մենք հետ չենք կանգնի մեր օրակարգից և պահանջում ենք կոնկրետ լուծումներ մեր բարձրացրած հարցերի վերաբերյալ։ Մինչև օրս մենք լսում էինք բոլորին։ Հիմա ժամանակն է, որ մեզ էլ լսեն, իսկ մեր խնդիրները՝ լուծվեն", - հայտարարել է Իսրայելյանը։
Նա նշել է, որ մտադիր է շարունակել նստացույցը այնքան ժամանակ, քանի դեռ խորհրդարանական մյուս խմբակցությունները կոնկրետ պատասխան չեն տվել:
Նշենք, որ հոկտեմբերի 8-ին ԱԺ "Ուժեղ Հայաստան" խմբակցության պատգամավորները խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի գլխավորությամբ հանդիպել են անհետ կորած զինծառայողների ծնողների հետ: Վերջիններս ներկայացրել են իրենց հուզող հարցերը ։ Խմբակցությունից հետո վստահեցրել են, որ նման հանդիպումները լինելու են պարբերական, և բարձրացված հարցերը լինելու են իրենց անմիջական ուշադրության ներքո: