
Արմինֆո. Կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղրղզական Հանրապետության նախարարների կաբինետի միջև քաղաքացիների այցելությունների և գտնվելու կարգի մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությունը:
Հիմնավորման համաձայն՝ երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են բարեկամական և փոխադարձ հարգանքի հիման վրա, առկա է քաղաքական երկխոսություն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում։ Համաձայնագրի ստորագրումը նպատակ ունի կարգավորել երկու պետությունների քաղաքացիների փոխադարձ այցելությունների, մուտքի, ելքի, տարանցման և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերը։ Մասնավորապես, համաձայնագրով նախատեսվում է սահմանել՝ կողմերի քաղաքացիների մուտքի և ելքի համար ընդունելի ճանապարհորդական փաստաթղթերի շրջանակը, առանց մուտքի արտոնագրի մուտքի և գտնվելու պայմանները, միմյանց պետությունների տարածքում գտնվելու ժամկետները, սահմանային անցման կետերով մուտքի և ելքի կարգը, քաղաքացիների գտնվելու վայրի գրանցման հետ կապված հարցերը, մուտքի կամ գտնվելու սահմանափակման հնարավոր հիմքերը, կորցրած կամ անվավեր ճանաչված ճանապարհորդական փաստաթղթերի վերաբերյալ իրավասու մարմինների համագործակցությունը։
ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, հավանություն է տրվել նաև ՀՀ կառավարության և ՂՀ նախարարների կաբինետի միջև ռեադմիսիայի մասին համաձայնագրի և համաձայնագրի իրականացման կարգի մասին կիրարկման արձանագրության ստորագրման առաջարկություններին: Համաձայնագրի նպատակն է հնարավորություն ընձեռել երկու երկրների միջև զարգացնել համագործակցությունը միգրացիայի և անօրինական միգրացիայի ոլորտներում։ Կողմերի օրենսդրությանը համապատասխան պատասխանատվություն է սահմանվելու յուրաքանչյուրի տարածքում կամ տարածքով օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց անօրինական միգրացիայի համար, ինչպես նաև Կողմերի տարածքներում անօրինական գտնվող երրորդ պետությունների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց ռեադմիսիայի կիրառման համար։ Ստեղծվելու են միգրացիոն գործընթացների կարգավորման, արագ և արդյունավետ ընթացակարգերի և երկկողմ համագործակցության համար իրավական հիմքեր։