


Արմինֆո. Հոկտեմբերի 7-ին, Միջխորհրդարանական միության 153-րդ վեհաժողովի շրջանակներում, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Բելգիայի խորհրդարանի պատվիրակության ղեկավար Կարլ Վանլուվեի և պատվիրակության անդամների հետ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ Ծովինար Վարդանյանը և Հասմիկ Հակոբյանը:
ԱԺ մամուլի ծառայության հաղորդմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Բելգիայի միջև երկկողմ հարաբերությունների և խորհրդարանական համագործակցության հարցեր: Կողմերը մեծ նշանակություն են տվել երկու երկրների խորհրդարանների միջև հաստատված համագործակցության հետագա զարգացմանը և խորացմանը՝ ընդգծելով միջխորհրդարանական երկխոսության ակտիվացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ կանոնավոր շփումների կարևորությունը:
Քննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության հարաբերությունները, մասնավորապես՝ վիզաների ազատականացման գործընթացը: Քննարկվել են նաև Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններին վերաբերող հարցեր։
Ընդգծվել է փոխադարձ այցելությունների և բարձր մակարդակի շփումների շարունակականությունը՝ որպես երկկողմ հարաբերությունների ամրապնդման և խորհրդարանական համագործակցության հետագա խորացման կարևոր բաղադրիչ։


