


ԱրմԻնֆո. Հասարակական-քաղաքական «Ադեկվադ» նախաձեռնության առաջնորդ, ակտիվիստ Արթուր Դանիելյանը երկու ամսով կալանավորվել է։ Այդ մասին Facebook-ի իր էջում հայտնել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Համապատասխան որոշումն ընդունել է Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Ռոման Սմբատյանը։
Ավելի վաղ Աթանեսյանը հայտնել էր, որ Դանիելյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է։ «Մասնավորապես, Հայաստանի քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին (տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ կատարված խուլիգանություն - խմբ.) ավելացվել են մի քանի դրվագներ, ինչպես նաև 490-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Facebook-ում հրապարակման միջոցով ԱԱԾ-ին վարկաբեկելու համար»,- գրել է փաստաբանը։
Հիշեցնենք, որ Դանիելյանը ձերբակալվել էր հոկտեմբերի 7-ին։ Ինչպես այն ժամանակ հայտնել էր փաստաբանը, ակտիվիստին մեղադրանք էր առաջադրվել Facebook-ում հրապարակման համար։ Հատկանշական է, որ դրանից մեկ օր առաջ ակտիվիստը կոշտ քննադատության էր ենթարկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ մեկնաբանելով նրա հարցազրույցը «Ինֆոքոմ»-ին։ Մասնավորապես, Դանիելյանը Հայաստանի վարչապետին «վիժվածք» էր անվանել այն բանից հետո, երբ Փաշինյանը հայտարարել էր, որ մտադիր չէ ադրբեջանցի զինծառայողին փոխանակել հայ ռազմագերիներից մեկի հետ։ Ինքը՝ Դանիելյանը, պատմել է, որ ձերբակալությունից առաջ երեք օր անընդմեջ ադրբեջանցիները տարածում էին նրա ելույթները և սպառնում նրան։ Նա համոզմունք է հայտնել, որ իր ձերբակալությունը փորձ է վախեցնելու մյուսներին, ովքեր հանդես են գալիս Հայաստանում գործող իշխանության դեմ։


