
Արմինֆո. Թուրքմենստանում կայացել է Անկախ պետությունների համագործակցության արտգործնախարարների խորհրդի նիստ: Միջոցառումն անցկացվել է ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի, Թուրքմենստանի նախարարների կաբինետի փոխնախագահ, արտաքին գործերի նախարար Ռաշիդ Մերեդովի նախագահությամբ: Միջոցառմանը Հայաստանը ներկայացրել է ԱԳՄԱ փոխնախարար Մնացական Սաֆարյանը:
Ինչպես հաղորդում է Համագործակցության գործկոմի մամուլի ծառայությունը, հոկտեմբերի 7-ին ԱՊՀ ԱԳՆԽ նիստում ընդունվել է "Տիեզերական տարածությունում սպառազինությունների մրցավազքի կանխմանն ուղղված գործնական քայլերին աջակցելու մասին" համատեղ հայտարարությունը եւ սահմանային համագործակցության ոլորտում երկու նոր բազային կազմակերպությունների ստեղծման մասին որոշումները, հաստատվել են ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում համագործակցության զարգացման ռազմավարության իրականացման միջոցառումների ծրագիրը եւ երեք նոր բազային կազմակերպությունների մասին դրույթները, ինչպես նաեւ միջազգային երիտասարդական համագործակցության ռազմավարության իրականացմանն ուղղված միջոցառումների ծրագիրը։
ԱՊՀ արտաքին գործերի նախարարները ստորագրել են 2027 թվականի բազմամակարդակ միջգերատեսչական խորհրդակցությունների ծրագիրը և հաստատել զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացման ռազմավարության իրականացման միջոցառումների ծրագիրը:
Նեղ ձևաչափով արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել միջազգային օրակարգի և համագործակցության ձևաչափում փոխգործակցության արդիական հարցերի շուրջ:
Իսկ լայն ձևաչափը սկսվել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների "Համագործակցություն" միջազգային կինոփառատոնի հարցի քննարկմամբ։ ԱՊՀ արտաքին գործերի նախարարները հավանություն են տվել կինոփառատոնի մասին դրույթի նախագծին: Այս հարցի վերաբերյալ վերջնական որոշում կընդունվի 2026 թվականի դեկտեմբերին ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում։
ԱԳՆԽ անդամներն ընդունել են նաև զբոսաշրջության ոլորտում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների 2021-2030 թվականների համագործակցության զարգացման ռազմավարության իրականացման 2027-2028 թվականների միջոցառումների ծրագրի նախագիծը: Փաստաթուղթը բաղկացած է յոթ բաժիններից։ Այն նախատեսում է միջոցառումներ իրավական կարգավորման, վիճակագրական հաշվառման, զբոսաշրջային ծառայությունների մատուցման որակի ստանդարտների կատարելագործման, զբոսաշրջիկների և զբոսաշրջային ձեռնարկությունների անվտանգության համակարգի զարգացման ուղղությամբ:
Հավանության են արժանացել ազատազրկման դատապարտվածներին պատժի հետագա կրման համար փոխանցելու մասին կոնվենցիայի երկրորդ կամընտիր արձանագրության նախագծերը, գլխավոր դատախազների համակարգող խորհրդի մասին դրույթում կատարված փոփոխությունները, ճառագայթային, քիմիական եւ կենսաբանական իրադրության վերահսկողության ոլորտում պաշտպանության նախարարությունների փոխգործակցության մասին համաձայնագիրը, 2027-2035 թվականների ժամանակահատվածի համար ԱՊՀ միասնական (ընդհանուր) կրթական տարածքի ձեւավորման հայեցակարգի իրականացման ծրագրի նախագիծը եւ մի շարք այլ փաստաթղթեր:
Նախատեսվում է, որ ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի հաջորդ նիստը կկայանա 2027 թվականի ապրիլին Բիշքեկում ։