
Արմինֆո. "Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման" (TRIPP) նախագծի շրջանակներում Հայաստանի տարածքով Ադրբեջանի կապը Նախիջևանի հետ կապահովվի փոխադարձության պայմաններով: Հոկտեմբերի 7-ին Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աաայդպես է պատասխանել է ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի այն հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկվում Ադրբեջանի տարածքով հայկական բեռների անարգել տեղաշարժն ու էլեկտրաէներգիայի հաղորդումն ապահովելու համար:
Ի պատասխան՝ Փաշինյանը հավաստիացրել է, որ իրականացվում են նույնպիսի ջանքեր, ինչ արվելու են Հայաստանի տարածքով Ադրբեջանի տարածքների միջև ներպետական հաղորդակցության ապահովման շրջանակներում: "Այսօր այդ կապը դեռ չկա, քանի որ չկա համապատասխան հաղորդակցություն, այսինքն ՝ չկա ճանապարհ, երկաթուղային գիծ։ Նույնը վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը։ TRIPP-ի շրջանակներում նպատակներից մեկը մեր երկրի հյուսիսային և հարավային մասերի միջև հաղորդակցության ապահովումն է: Եվ մենք նաև շահագրգռված ենք, որ Ադրբեջանի տարածքով, մասնավորապես, Նախիջևանի տարածքով, կապ ունենանք Սյունիքի մարզի հետ", - հայտարարել է Հայաստանի վարչապետը։
Նրա խոսքով՝ հայկական կողմը բանակցում է խորհրդային տարիներին Մեղրիի տարածքով գործող երկաթուղու վերականգնման շուրջ։ "Եվ երբ մենք հասնենք խաղաղության ինստիտուցիոնալացմանը և մի կետի, երբ սոցիալ-հոգեբանական մակարդակում էլ խաղաղություն լինի, վստահ եմ, որ ինչ-որ պահի մենք կհասնենք մինչև Կապան այդ երկաթգծի առաջխաղացման թեմայի քննարկմանը, որովհետեւ, գիտեք, որ խորհրդային տարիներին այն աշխատել է Ադրբեջանի տարածքով։ Այսինքն՝ Մեղրիով մտել է Ադրբեջանի տարածք, իսկ դրանից հետո միայն այնտեղից՝ նորից Կապան", - նշել է Փաշինյանը։
Այնուհետև նա հստակեցրել է, որ այդ նախագիծը կարևոր է նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ), Կապանի լեռնահարստացման կոմբինատի գործունեության, ինչպես նաև ճանապարհների բեռնաթափման առումով: "Եվ ուզում եմ արձանագրել, որ շուտով կլինի մեկ տարի, ինչ Հայաստանի համար բացվել է երկաթուղային հաղորդակցություն Ադրբեջանի տարածքով, և կարևոր է նաև նշել, որ այդ ընթացքում մատակարարումներ են իրականացվել, այդ թվում ՝ ապրանքների ներմուծման հնարավորություններ կան", - հավելել է Փաշինյանը:
Դրանից հետո պատգամավորը ճշտել է, որ իր հարցը վերաբերում էր կոնկրետ ներպետական տեղաշարժին։ Մասնավորապես, նա հարցրել է, թե փոխադարձության պայմաններում ինչպես են տարբեր փոխադրումներ, այդ թվում ՝ էլեկտրաէներգիայի հաղորդում իրականացվելու Մեղրիից Հայաստանի այլ մարզեր ՝ Ադրբեջանի տարածքով, օրինակ ՝ Նախիջևանով։ Ի պատասխան ՝ Փաշինյանը խոստովանել է, որ իր համար դժվար է հասկանալ, թե կոնկրետ ինչի մասին են իրեն հարցնում, և, իր կարծիքով, ընդդիմությունն իրեն երկիմաստ հարցեր է տալիս: Իսկ ճշտմանը, թե ինչու է TRIPP նախագծի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը կնքվել միայն Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև, սակայն չի դրվի Ադրբեջանի խորհրդարանի վավերացմանը, վարչապետը պարզաբանել է, որ դա կապված է այն բանի հետ, որ նման համաձայնագրեր կնքվում են երկու կառավարությունների միջև: "Պատմության մեջ նման նախադեպ չի եղել, որ երկու երկրների միջև ստորագրված համաձայնագիրը վավերացվի նաեւ երրորդ երկրում", - հեգնանքով ասել է Փաշինյանը:
Հիշեցնենք, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում ստորագրել են յոթ կետից բաղկացած համատեղ "Խաղաղության հռչակագիր"։ Այն նախատեսում է համատեղ դիմում Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ) ԵԱՀԿ Մինսկի գործընթացի եւ դրա հետ կապված կառույցների դադարեցման մասին, ինչպես նաեւ Հայաստանի տարածքով տրանսպորտային միջանցքի ստեղծում, որը կկապի Ադրբեջանն իր նախիջեւանյան էքսկլավի հետ, որը շրջապատված է Հայաստանով, Թուրքիայով եւ Իրանով: Իսկ արդեն 2026 թվականի հունվարի 14-ին Հայաստանի ԱԳՆ-ը հրապարակել է Վաշինգտոնում ստորագրված «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի` Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարությունը։ 12 էջանոց փաստաթղթում ներկայացված են նախագծի հիմնական նպատակները և դրա գործունեության մեխանիզմները։ Մասնավորապես, ընդգծվում է, որ Հայաստանը մտադիր է թույլատրել և աջակցել ԹՐԻՓՓ զարգացման ընկերության հիմնմանը։ «Ակնկալվում է, որ ընկերությունը պատասխանատու կլինի ԹՐԻՓՓ-ի զարգացման համար՝ 49 տարի նախնական ժամկետով նրան տրամադրվող կառուցապատման իրավունքով։ Հայաստանը մտադիր է ԱՄՆ-ին առաջարկել ԹՐԻՓՓ զարգացման ընկերության 74% մասնաբաժինը և պահպանել 26% մասնաբաժինը։ Ակնկալվում է, որ այս համագործակցությունը կերկարաձգվի ևս 50 տարով՝ Հայաստանի կառավարությանը հավելյալ սեփականության տրամադրմամբ նրա մասնաբաժինը դարձնելով 49%։ Ակնկալվում է, որ ԹՐԻՓՓ զարգացման ընկերության բաժնետերերի փոփոխությունը (ներառյալ մասնաբաժինների վաճառք, նվիրատվություն, միավորում, անջատում, վերակազմակերպում կամ որևէ այլ իրավական կամ փաստացի գործողություն) և վերջնական շահույթի սեփականատերերի փոփոխությունը ենթակա կլինի Հայաստանի և ԱՄՆ կառավարությունների հետ նախօրոք համաձայնեցմանը», - ասվում է փաստաթղթում։