


Արմինֆո. Շաքիում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ եզրակացություններ կարելի է անել ծառայողական քննության արդյունքների հիման վրա, որն արդեն ընթանում է։ Այդ մասին հոկտեմբերի 7-ին Ազգային ժողովում կառավարության ժամի ընթացքում հայտարարել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՝ պատասխանելով "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանի հարցին։
Նախարարի ասելով՝ ակնհայտ է միայն մեկ բան․ գյուղ ներթափանցած ադրբեջանցին ձերբակալության ժամանակ դիմադրություն ցույց չի տվել։ Սա արդեն վկայում է այն մասին, որ նա դիվերսանտ չի եղել։ Պապիկյանը խոստովանել է, որ այս իրավիճակում որոշակի թերացումներ ու բացթողումներ են եղել ուժային կառույցների կողմից։ Պաշտպանության նախարարի խոսքով ՝ այդ թերացումները հետեւանքներ կունենան, սակայն վերջնական հետեւություններ անել եւ ամբողջական մանրամասներ ներկայացնել հնարավոր կլինի միայն ծառայողական քննության եւ քննչական գործողությունների ավարտից հետո:
Հիշեցնենք, որ 2026 թվականի հոկտեմբերի 1-ին Սյունիքի մարզի Սիսիանի շրջանի Շաքի գյուղում ապօրինի Հայաստանի տարածք մուտք գործած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը մտել էր բնակելի տուն, կրակ բացել և երեխաների աչքի առաջ վիրավորել տեղի բնակչուհի Անի Ավետիսյանի ոտքը (տուժածն ու երեխաները վնասվածքներ են ստացել, կինը հասցրել էր դիմադրություն ցույց տալ և դանակով վիրավորել հարձակվողին)։ Մուսաևը ձերբակալվել է իրավապահ մարմինների կողմից և դատարանի կողմից երկու ամսով կալանավորվել:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ քրեական գործով նախաքննությունն ու դատական ընթացակարգերը կանցկացվեն Հայաստանում:


