


Արմինֆո.Չեխիայի խորհրդարանի Սենատի սոցիալական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Լումիր Կանտորի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նազելի Բաղդասարյանի և ՀՀ-ում Չեխիային դեսպան Պետր Պիրունչիկի ուղեկցությամբ:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հաղորդագրության համաձայն, պատվիրակությանը դիմավորել և այցի ընթացքում ուղեկցել է ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։ Այցի սկզբում նա ներկայացրել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման պատմությունը, ճարտարապետական առանձնահատկություններն ու նշանակությունը։
Չեխիայից ժամանած հյուրերը ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։
Այնուհետև պատվիրակության անդամները շրջայց են կատարել մշտական և ժամանակավոր ցուցադրություններում՝ ծանոթանալով Հայոց ցեղասպանության պատմությանը, դրա իրագործման ընթացքին, հայ ժողովրդի կրած մարդկային և մշակութային կորուստներին, ինչպես նաև պատմական հիշողության պահպանմանն ուղղված աշխատանքներին։ Շրջայցի ավարտին պատվիրակության ղեկավարը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի Պատվավոր հյուրերի հուշամատյանում։
Այցի ավարտին ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը շնորհակալություն է հայտնել պատվիրակության անդամներին այցելության համար և պատվիրակության ղեկավար Լումիր Կանտորին նվիրել Հայոց ցեղասպանության թանգարանի պատկերագիրքը։


