


Արմինֆո.Ազգային ժողովի ընդդիմադիր "Ուժեղ Հայաստան" խմբակցության պատգամավորների 6 օգնականների մուտքը խորհրդարանի տարածք արգելվել է: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությունից, որը տարածել է ԱԺ մամուլի ծառայությունը:
"ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ կարգապահական գործ է հարուցվել "Ուժեղ Հայաստան" խմբակցության պատգամավորների օգնականների կողմից ԱԺ նիստերի դահլիճ մուտք գործելու փորձերի, ինչպես նաև Ազգային ժողովի տարածքում անկարգություններ հրահրելու կապակցությամբ: Այս գործի շրջանակներում արգելվել է "Ուժեղ Հայաստան" խմբակցության պատգամավորների 6 օգնականների մուտքը ՀՀ Ազգային ժողովի տարածք", - ասվում է խորհրդարանի մամուլի ծառայության հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ նախօրեին ԱԺ-ում իրավիճակի սրացում էր դիտվել։ Մասնավորապես, "Ուժեղ Հայաստան" դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանն իր ելույթում հայտարարել էր, որ Ռուբեն Ռուբինյանը թույլ է տվել պետական միջոցների վատնում, և գործընկերներին հորդորել էր որպես պարգևավճար ստացած 250000 դրամը չծախսել: Սակայն նրա ելույթի կեսին Ռուբինյանն անջատել էր Ղազարյանի խոսափողը, նշելով, որ նա օրակարգից դուրս է խոսում։ Դրանից հետո դահլիճում իրավիճակը թեժացել էր, Ղալումյանը մոտեցել էր Վարդանովին, ընդդիմության եւ կառավարող կուսակցության պատգամավորները սկսել են իրար հրել, ծեծկռտուք էր սկսվել: Ռուբինյանը ընդմիջում էր հայտարարել և դահլիճ հրավիրել Պետական պահպանության ծառայության աշխատակիցներին։ Ծեծկռտուքի վայր էին իջել նաև ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ու ընդդիմադիր փոխխոսնակ Արամ Վարդևանյանը: Երկար ժամանակ կողմերը ոչ մի կերպ չէին կարողանում հանդարտվել։ ՊՊԾ-ի աշխատակիցները սկսել էին պատգամավորներին ուժով դուրս բերել դահլիճից։
Ավելի ուշ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել էր, որ միջադեպի ժամանակ ընդդիմադիր պատգամավորների օգնականները փորձել են մուտք գործել ԱԺ նիստերի դահլիճ, և այդ փաստը քննության առարկա կդառնա:


