


Արմինֆո. Աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում։ Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։
«2026 թվականի հոկտեմբերի 6-ին ՀՀ քննչական կոմիտեում ստացված առերևույթ հանցանքի վերաբերյալ հաղորդման համաձայն՝ սեպտեմբերի 30-ին Վարդաձորի միջնակարգ դպրոցի ուսուցչուհին դասի ժամանակ խոսելու համար ցուցափայտով հարվածել է աշակերտուհուն, որից հետո, երբ երեխան փախել է միջանցք, ուսուցչուհին դուրս է եկել և ձեռքով հարվածելով անչափահասին՝ քաշելով տարել է դասասենյակ։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հոդվածի հատկանիշներով։
Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ քննիչի կողմից ուսուցչուհու նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին, որը բավարարվել է:
Նրա նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում: Նախաքննությունը շարունակվում է», - ասվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ լրատվամիջոցներում տարածվել էին կադրեր, թե ինչպես է ուսուցչուհին ձեռքով հարվածում Վարդաձորի դպրոցի 2-րդ դասարանի աշակերտուհուն։ Տեսանյութը հասարակական լայն արձագանք է գտել։ Դրանից հետո իրավիճակին արձագանքել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից: Այնտեղ տեղեկացրել են, որ նախարարությունը նախաձեռնում է Գեղարքունիքի մարզի դպրոցներից մեկում աշակերտի վրա ձեռք բարձրացրած ուսուցչին մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու գործընթաց:


