
ԱրմԻնֆո. Եվրոպական հանձնաժողովը հատուկ աջակցության փաթեթներ չի առաջարկում այն երկրներին, որոնք չունեն ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ, այդ թվում՝ Հայաստանին, ասել է ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսը։
«Այս նախաանդամակցային վերանայման մեջ մենք չենք խոսում հատուկ աջակցության փաթեթների մասին։ Սա մեզ համար լայն ճանապարհային քարտեզ է Եվրոպական Միության շրջանակներում՝ պատրաստվելու և թեկնածու երկրներին ազդանշան տալու համար, որ մենք պատրաստ ենք. եթե նրանք կատարեն իրենց պարտավորությունները, մենք կկատարենք մերը», - ասել է Կոսը, պատասխանելով Հայաստանի վաղաժամ ինտեգրման հնարավորության մասին հարցին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Այնուամենայնիվ, եվրահանձնակատարը չի մանրամասնել, թե արդյոք Երևանը կկարողանա օգտվել առաջարկվող նոր ինտեգրացիոն մեխանիզմներից՝ պաշտոնական թեկնածուի կարգավիճակ ստանալուց առաջ։ Փոխարենը, Կոսը հիշեցրեց համագործակցության ներկայիս ոլորտները՝ նշելով, որ Հայաստանը միակ երկիրն է, որի հետ ԵՄ-ն քննարկում է վիզային ռեժիմի ազատականացումը։
Կոսը նաև մատնանշեց Բրյուսելի կողմից Երևանին տրամադրվող առևտրային աջակցությունը, որը թույլ է տալիս հայկական արտադրանքի 80%-ը առանց մաքսատուրքի արտահանել ԵՄ, և նշեց երկրի տնտեսական զարգացման համար հատուկ տնտեսական փաթեթը։
Հայաստանն այժմ ԵՄ անդամակցության թեկնածու չէ, և Եվրահանձնաժողովի կողմից էներգետիկայի, տրանսպորտի և անվտանգության ոլորտներում առաջարկվող խորը ինտեգրման մեխանիզմները նախատեսված են թեկնածու երկրների համար։
Նշենք, որ 2025 թվականի հունվարի 9-ին Հայաստանի կառավարությունը հաստատեց «Եվրակվե» քաղաքացիական նախաձեռնության կողմից առաջարկված Եվրամիությանը անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը։ Նախագիծը ներկայացվել է Հայաստանի խորհրդարանի հաստատմանը։ Մարտի 26-ին խորհրդարանն այն վերջնական ընթերցմամբ ընդունել է և ուղարկել նախագահի ստորագրմանը։ Փաստաթուղթը ստորագրվել է նույն թվականի ապրիլի 4-ին։ Մոսկվան հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանին փոխանցել է, որ Եվրասիական տնտեսական միությանը և Եվրամիությանը միաժամանակյա անդամակցությունը անհնար է։