
Արմինֆո. Այսօր Կովկասի տարածաշրջանը, ինչպես երբեք, հանգստության կարիք ունի, և դա պետք է ապահովվի պաշտոնական սահմանների ամրապնդմամբ։ Փորձը ցույց է տվել, որ արտատարածաշրջանային ուժերի միջամտությունը կարող է հանգեցնել անկայունության։ Այդ մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը՝ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է Pars Today-ը։
Նա հիշեցրել է, որ Իսլամական Հանրապետության անփոփոխ քաղաքականությունը հարեւան երկրների հետ գործնական եւ ռազմավարական մակարդակներում հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումն է: Այս առումով նա հույս է հայտնել, որ շուտով վերջնականապես կհամաձայնեցվի Իրանի և Հայաստանի միջև ռազմավարական համագործակցության շուրջ համաձայնագիրը:
"Երկկողմ հարաբերություններից բացի, Կովկասում գոյություն ունեն տարածաշրջանային հարցեր, այդ թվում ՝ տրանսպորտային երթուղիներ, որոնք Իրանն ու Հայաստանը կարող են քննարկել։ Այսօր Կովկասի տարածաշրջանը, ինչպես երբեք, հանգստության կարիք ունի, և դա պետք է ապահովվի պաշտոնական սահմանների ամրապնդմամբ։ Փորձը ցույց է տվել, որ արտատարածաշրջանային ուժերի միջամտությունը կարող է հանգեցնել անկայունության։
Օրինակ, Պարսից ծոցի շրջանում մենք տեսնում ենք, որ օտարերկրյա տերություններ են եկել, և որոշ երկրներ կարծում էին, որ իրենց ներկայությունը կարող է ապահովել իրենց անվտանգությունը, սակայն արդյունքը եղավ անկայունությունը։ Այդ տերությունները միայն ձգտում են հասանելիություն ստանալ տարածաշրջանի երկրների հնարավորություններին եւ ռեսուրսներին եւ հետապնդում են սեփական շահերը", - ասել է Իրանի խորհրդարանի ղեկավարը։
Ընդ որում, նա հույս է հայտնել, որ կարծիքների փոխանակումն ու երկու երկրների կայուն, առաջանցիկ համագործակցությունը քաղաքական և տնտեսական ոլորտներում կնպաստեն տարանցման, էներգետիկայի և այլ ուղղություններով հնարավորությունների ստեղծմանը և գործնական արդյունքներ կբերեն:
"Ամերիկացիները ռազմական ոլորտում չեն հասել իրենց նպատակներից ոչ մեկին՝ Իրանի հետ դիմակայությունում, և պարտություն են կրել, իսկ քաղաքական ոլորտում խախտել են պայմանավորվածությունները հուշագրի իրագործման ժամանակ՝ դրանով իսկ ևս մեկ հարված հասցնելով սեփական հեղինակությանը", - նշել է Ղալիբաֆը:
Միեւնույն ժամանակ, իրանական կողմի հաղորդագրության համաձայն, Միրզոյանը հայտարարել է, որ ամուր բարեկամությունն ու կայուն հարաբերությունները ձևավորվում են դժվարին ժամանակներում միմյանց աջակցության շնորհիվ: Հենց դժվար օրերին բարեկամությունն է նպաստում է հարաբերությունների ամրապնդմանը:
"Տարածաշրջանի երկրները եզակի հնարավորություններ ունեն տրանսպորտի, էներգետիկայի, ենթակառուցվածքի և այլ ոլորտներում, ուստի, մենք պետք է ընդլայնենք և զարգացնենք մեր համագործակցությունը։ Հենց այդ պատճառով Հայաստանը ձգտում է զարգացնել տրանսպորտային կապերն իր հարևանների հետ։ Հայաստանը թույլ չի տա իր երկրի տարածքից որևէ գործողություն ձեռնարկել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ: Մեզ համար մեծ նշանակություն ունի Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային դիրքորոշումը տարածաշրջանի պետությունների սահմանների անփոփոխության վերաբերյալ", - հավելել է Միրզոյանը։