


Արմինֆո. Մի շարք ընդդիմադիր ուժեր հայտարարել են "Սկզբունք" համահայկական նոր քաղաքական շարժում ստեղծելու մասին: Այդ մասին հոկտեմբերի 5-ին մամուլի ասուլիսում հաղորդել է "Նժար" սահմանադրական շարժման համահիմնադիր Արտաշես Իկոնոմովը։ Շարժման հիմնադիրների թվում են "Առաջ", "Զարկերակ" եւ "Նժար"քաղաքական նախաձեռնությունների առաջնորդները։
Իկոնոմովը նշել է, որ նախաձեռնության ստեղծումը պայմանավորված է Հայաստանում "խորը քաղաքական, իրավական և բարոյական ճգնաժամով": Նրա խոսքով՝ ներկայիս իշխանությունները ոչ միայն չեն ներկայացնում ժողովրդի կամքը, այլև իրականացնում են ընդդիմության ապօրինի հետապնդում և հակասահմանադրական արշավ են վարում Հայ Առաքելական Եկեղեցու դեմ: "Մեր նպատակն է խաղաղ միջոցներով և արժանապատիվ հեղափոխությամբ տապալել Նիկոլ Փաշինյանի կառավարությունը։ Շարժումը գլխավորելու է ոչ թե մեկ մարդ, այլ՝ առաջնորդների թիմը", - ասել է Իկոնոմովը ՝ կոչ անելով "Հայաստանի և սփյուռքի հայրենասիրական ուժերին միավորվել մեկ բռունցքի մեջ"։
Նոր ձևավորված շարժման ծրագիրը նախատեսում է իշխանափոխությունից հետո ժամանակավոր անցումային կառավարության ձևավորում՝ մինչև 360 օր ժամկետով: "Առաջիկա երկու ամիսների ընթացքում ձևավորվելու է և միացյալ ընդդիմության անունից ձեզ ներկայացվելու են կառավարության բոլոր անդամների անունները։ Այդ կառավարության անդամները լինելու են մեր զինակիցները՝ ըստ զբաղմունքի և հմտությունների։ Պարտադիր չէ, որ նրանք ղեկավարող թիմից լինեն", - նշել է Իկոնոմովը։
"Նժար" սահմանադրական շարժման համահիմնադիրի խոսքով՝ անցումային կառավարությունն ունենալու է երեք հիմնական առաջնահերթություն․ համախմբվել sahmanadrutyun.com կայքում հրապարակված Սահմանադրության նախագծի շուրջ, ազատ արձակել քաղբանտարկյալներին և դադարեցնել բոլոր քաղաքական հետապնդումները, կազմակերպել և անցկացնել արդար և թափանցիկ խորհրդարանական ընտրություններ՝ համակարգային փոփոխություններից անմիջապես հետո:


