


ԱրմԻնֆո. Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի ներկայացուցիչ Գասսան Խալիլը հանդիպել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ՝ քննարկելու առաջնահերթ խնդիրները՝ առաջնային բուժօգնության ամրապնդումը, նորածինների և երեխաների սկրինինգային ծրագրերը, նորածնային բուժօգնությունը, վաղ ախտորոշումն ու միջամտությունը, հոգեկան առողջության պահպանումը, ինչպես նաև որակյալ ծառայությունները ընտանիքներին, հատկապես գյուղական շրջաններում, ավելի հասանելի դարձնելը։ Այս մասին ասվում է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հաղորդագրության մեջ։
"Երեխաների և դեռահասների առողջ սնունդն ու առողջ ապրելակերպը նույնպես կմնան համատեղ աշխատանքի կարևոր ուղղություններ։ Երկարաժամկետ համագործակցություն է անհրաժեշտ, և յուրաքանչյուր երեխայի համար դեռ շատ անելիքներ կան",- ասվում է կառույցի հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Առողջապահության նախարարությունը երեխաների առողջության պահպանման ոլորտում աշխատում են Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեության առաջին տարիներից։ Գործընկերության հենց սկզբից, երբ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աջակցում էր անվտանգ պատվաստանյութերի ներդրմանը, մինչև մայրերի, նորածինների և երեխաների առողջության պահպանման ծառայությունների բարելավմանն ուղղված այսօրվա ջանքերը, նպատակը մնում է անփոփոխ՝ յուրաքանչյուր երեխայի համար ապահովել կյանքի լավ սկիզբ։


