


ԱրմԻնֆո: Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Պատրիարքական նստավայրում ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական Պաուլա Ուայթ-Քեյնին:
Մայր Աթոռի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հանդիպմանը նախորդել է նրա մասնակցությունը Սուրբ և անմահ պատարագին:
Գարեգին Բ-ն ողջունել է Ուայթ-Քեյնի այցը Հայաստան և համայն հայության հոգևոր կենտրոն՝ այն համարելով հարմար առիթ՝ ավելի լավ ճանաչելու այն երկիրը, որն առաջինը հռչակեց քրիստոնեությունը որպես պետական կրոն, հայ ժողովրդին և նրա հարուստ հոգևոր ու մշակութային ժառանգությունը: Նա նաև գոհունակություն է հայտնել Ուայթ-Քեյնի ջանքերի համար՝ ԱՄՆ-ում նախագահ Դոնալդ Թրամփի և հայ հոգևոր առաջնորդների հանդիպումը կազմակերպելու համար:
Զրուցակիցները ընդգծել են կրոնի և հոգևոր արժեքների դերը ժողովուրդների համար անվտանգ, բարգավաճ և առաջադեմ կյանք ստեղծելու գործում: Նշվել է, որ Աստծո հանդեպ հավատը պետք է արտահայտվի սիրո, արդարության և մերձավորի նկատմամբ հոգատարության միջոցով՝ ամրապնդելով մարդկային համերաշխությունը և խաղաղ համակեցությունը: Այս առումով ընդգծվեց հոգևոր առաջնորդների համատեղ ջանքերի կարևորությունը համաշխարհային խաղաղության և ժողովուրդների պայծառ ապագայի հաստատման համար։
Իր հերթին Ուայթ-Քեյնը շնորհակալություն հայտնեց Նորին Սրբությանը ջերմ ընդունելության համար և կիսվեց Սուրբ Պատարագի վերաբերյալ իր տպավորություններով՝ ընդգծելով սրբազան արարողության ընթացքում զգացած խորը ակնածանքն ու հոգեկան հանգստությունը։ Հյուրը նաև երախտագիտություն հայտնեց Հայաստանի հարուստ քրիստոնեական ժառանգության համար՝ որպես հայ ժողովրդի հավատքի կենդանի վկայություն։
Նշենք, որ Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական Պաուլա Ուայթ-Քեյնը այցելել էր Հայաստան՝ մասնակցելու հոկտեմբերի 2-3-ը Երևանում կայացած երկրորդ աղոթքի նախաճաշին։ Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչները հրավիրված չէին միջոցառմանը։


