
Արմինֆո.Հայաստանի պետական սահմանն ապօրինի հատել է միայն մեկ ադրբեջանցի, տեղեկությունները, թե անձինք ավելի շատ են եղել և նրանք դիվերսանտներ են եղել, բացարձակապես անհիմն են։ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ) այսպես են արձագանքել տարբեր աղբյուրների կողմից տարածված տեղեկություններին, թե Հայաստանի տարածք են ներթափանցել մի քանի ադրբեջանցիներ:
«Նկատի ունենալով, որ սույն թվականի հոկտեմբերի 1-ին ՀՀ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում Ադրբեջանի Հանրապետության զինծառայող Ն. Մուսաևի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ տարբեր սոցհարթակներով, լրատվամիջոցներով և այլ հանրային հարթակներով տարածվում են իրականությանը չհամապատասխանող լուրեր, հարկ ենք համարում կրկին պարզաբանել, որ ՀՀ պետական սահմանը ապօրինի հատել է բացառապես մեկ անձ՝ Ն. Մուսաևը, ով ներկայումս նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կալանավորվել է դատարանի որոշմամբ:
Մյուս բոլոր տեղեկությունները, որ եղել են մեկից ավելի անձինք, դիվերսանտներ և մինչ այժմ իրավապահ մարմինների կողմից տարվում են որոնողական աշխատանքներ, բացարձակ անհիմն են և չեն համապատասխանում իրականությանը: Հանրությանը հորդորում ենք հետևել պաշտոնական հաղորդագրություններին», - ասվում է ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի ՝ Սյունիքի մարզի Շաքի գյուղի բնակչուհու տուն մուտք գործելու և նրան վիրավորելու մասին հայտնի էր դարձել հոկտեմբերի 1-ին՝ օրվա երկրորդ կեսին: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ տուժել են նաև կնոջ երկու անչափահաս երեխաները, որոնք օգնել են մորը պաշտպանվել հարձակումից: ՀՀ ԱԱԾ հաղորդագրությունից պարզվել է, որ հայկական և ադրբեջանական պատկան մարմինները նշված զինծառայողին փնտրել են դեռևս սեպտեմբերի 29-ից, ընդ որում, բնակչության հետ անվտանգության տեսանկյունից որևէ աշխատանք չի տարվել, և մարզի բնակիչները անտեղյակ են եղել: Ավելին, ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրությունից հայտնի է դարձել, որ ադրբեջանցի զինվորականին փնտրում են դեռևս սեպտեմբերի 26-ից: Թե որտեղ է նա գտնվել այդ ժամանակահատվածում, դեռ հայտնի չէ ։ Ավելի ուշ ՀՀ առողջապահության նախարար Անանիտ Ավանեսյանը հաղորդեց, որ կնոջ վիճակը կայուն է, նա ստանում է անհրաժեշտ բուժօգնություն: Ի սկզբանե ՀՀ իրավասու մարմիններում դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՝ բնակարան ապօրինի մուտք գործելու, ապօրինի զենք-զինամթերք պահելու և առողջությանը ծանր վնաս պատճառելու հոդվածների հատկանիշներով, որը կատարվել է զենքի գործադրմամբ: Եվ միայն հանրային դժգոհությունից հետո Գլխավոր դատախազությունից հաղորդեցին նաև ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու հոդվածով քրեական գործ հարուցելու մասին: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են Հայաստանի Քննչական կոմիտեից, Մուսաևը դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել է:
Հավելենք, որ ավելի վաղ Երևանում կայացած մամլո ասուլիսում "Հայաքվե" շարժման համակարգող Ավետիք Չալաբյանը հայտարարել էր, որ Հայաստանի տարածք ներթափանցած ադրբեջանցին կարող էր իրականում դիվերսանտ լինել: Բացի այդ, նա ենթադրել էր, որ նա կարող էր միայնակ չլինել: