


Արմինֆո. Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Թ. Արմսթրոնգ Չանգսանը։
Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել դիվանագիտական առաքելության ընթացքում։
Նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և շնորհավորական խոսքերի համար և նախագահին է փոխանցել Հնդկաստանի նախագահի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները։
ՀՀ նախագահի աշխատակազմի հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության օրակարգին։ Կարևորվել է պաշտպանական, քաղաքական, առևտրատնտեսական, կրթական և մշակութային ոլորտներում փոխգործակցության ընդլայնումն ու առկա ներուժի լիարժեք իրացումը։ Այս համատեքստում ընդգծվել է երկու երկրների միջև ուղիղ օդային կապի գործարկման նշանակությունը։
Նշենք, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև հարաբերություններն աննախադեպ ռազմավարական վերելք են ապրում: Վերջին տարիներին երկկողմ կապերը դուրս են եկել ավանդական մշակութային և կրթական փոխանակումների շրջանակներից՝ փոխակերպվելով խորը ռազմատեխնիկական և աշխարհաքաղաքական գործընկերության: Երևանի համար Նյու Դելին դարձել է արտաքին քաղաքականության և անվտանգության դիվերսիֆիկացման առանցքային հենակետերից մեկը։ Իր հերթին՝ Հնդկաստանի համար Հայաստանը կարևոր աշխարհաքաղաքական հանգույց է Հարավային Կովկասում։ Երկկողմ առևտրի ընդհանուր ծավալը կայուն աճ է գրանցել և գերազանցել է 400 մլն դոլարը: Վերջին տարիների արդյունքներով Հնդկաստանից ներմուծումը կազմում է շուրջ 350 մլն դոլար։ Հայաստան հնդկական ներմուծման հիմնական հոդվածներն են դեղագործական արտադրանքը, ոսկերչական իրերը, տեքստիլը, արդյունաբերական սարքավորումները և քիմիկատները: Հայաստանից արտահանումը կազմում է շուրջ 34,6 մլն դոլար։ Հայաստանը Հնդկաստան է մատակարարում հումքի որոշ տեսակներ, թանկարժեք մետաղներ և ձգտում է դիվերսիֆիկացնել մատակարարումները որակյալ ալկոհոլային արտադրանքի և բարձր տեխնոլոգիական լուծումների հաշվին։


