


Արմինֆո. ՀՀ արտաքին գործերի նախարար արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղարի ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով օգնական Ռայլի Բարնսի միջև Երևանում կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության օրակարգում ընդգրկված հարցերը:
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ գոհունակություն է հայտնվել Գործընկերության կանոնադրությամբ սահմանված տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման վերաբերյալ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքների, ինչպես նաև երկու երկրների հասարակությունների միջև քաղաքակրթական ընդհանրությունների վրա հիմնված կապերի զարգացման վերաբերյալ:
Միրզոյանը և Բարնսը քննարկել են տարածաշրջանային զարգացումները և ներկայիս խաղաղ միջավայրում տնտեսական փոխկախվածությունը զարգացնելու համար իրականացվող ծրագրերը: Նրանք մտքեր են փոխանակել խաղաղության հետագա ամրապնդման հնարավոր քայլերի վերաբերյալ: Բարձրացվել են մարդասիրական հարցեր:


