
Արմինֆո.Ադրբեջանում քրեական գործ են հարուցել Լաչինի ուղղությամբ զինծառայողի անհետացումից հետո։ Այդ մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայության հայտարարությունը։
Սոցիալական ցանցերում տեղեկություն է տարածվել Լաչինի շրջանի ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում ժամկետային զինվորական ծառայություն անցնող Նասիմի Ռասիմ օղլի Մուսաևի անհետացման մասին:
Գլխավոր դատախազությունից հաղորդել են, որ 2026 թվականի սեպտեմբերի 26-ին ծառայության վայրում Մուսաևի բացակայության և նրա գտնվելու վայրը պարզելու անհնարինության պատճառով որոնողական աշխատանքներ են սկսվել ։ Պաշտպանության նախարարության և Արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան ստորաբաժանումներն իրականացրել են անհրաժեշտ որոնողական միջոցառումներ: Միաժամանակ Զինվորական դատախազությունը համապատասխան հետաքննություն է անցկացրել ՝ դեպքի հանգամանքները պարզելու համար։ Արդյունքում՝ հիմնավոր կասկածներ են ի հայտ եկել, որ Մուսաեւը ինքնակամ լքել է զորամասը։
Քննության ընթացքում հավաքագրված նյութերի հիման վրա Ադրբեջանի զինվորական դատախազության քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով: Ներկայումս շարունակվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Մուսաևը գտնվում է Հայաստանի տարածքում և ձերբակալվել է այդ երկրի իրավասու մարմինների կողմից: Ներկայումս Ադրբեջանի համապատասխան պետական մարմինները շարունակում են անհրաժեշտ շփումները մյուս կողմի իրավասու կառույցների հետ՝ պարզելու համար Մուսաևի ՝ Հայաստանի տարածքում գտնվելու և ձերբակալման հանգամանքները, ինչպես նաև տեղի ունեցածի այլ հանգամանքներ:
Ինչպես հաղորդել է Հայաստանի ԱԱԾ մամուլի կենտրոնը, հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։15-ին, ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։ «Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ խմբեր։ Ձեռնարկվել են անհետաձգելի միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Պարզվել է, որ հանցագործությունը կատարել է ադրբեջանցի զինծառայողը, որը ձերբակալվել է։ Դեպքի մանրամասները ներկայացվել են նաև ադրբեջանական կողմին։ ՀՀ քննչական կոմիտեում դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ», - ասվում է ԱԱԾ հաղորդագրությունում։