


Արմինֆո.Նոր մանրամասներ են հայտնի դարձել Սյունիքի մարզի Շաքի գյուղում տեղի ունեցած միջադեպից։
Գյուղապետ Ռուբեն Մանուչարյանը "Ազատություն" ռադիոկայանի հայկական ծառայության հետ զրույցում հաստատել է, որ այսօր ինքնաձիգով զինված տղամարդը, որը խոսում էր ադրբեջաներեն, մտել է գյուղի տներից մեկը և երեք երեխաների աչքի առաջ վիրավորել տանտիրուհուն: "Նրան բերման են ենթարկել և տեղափոխել Ոստիկանության բաժին։ Ես չեմ կարող ասել՝ կրակել է, թե հարվածել է ինչ-որ այլ կտրող կամ ծակող առարկայով։ Երբ մտանք դեպքի վայր, արնանման հետքեր տեսանք, բայց կնոջ կյանքին վտանգ չի սպառնում", - հաղորդել է համայնքի ղեկավարը։
Դրան զուգընթաց ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդել է, որ Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում: "Տուժածը ստանում է անհրաժեշտ բժշկական օգնություն և գտնվում է բժիշկների հսկողության տակ", - հաղորդել են նախարարությունից:
Ավելի վաղ Հայաստանի ԱԱԾ մամուլի կենտրոնը հաղորդել էր, որ հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։15-ին, ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։ «Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ խմբեր։ Ձեռնարկվել են անհետաձգելի միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Պարզվել է, որ հանցագործությունը կատարել է ադրբեջանցի զինծառայողը, որը ձերբակալվել է։ Դեպքի մանրամասները ներկայացվել են նաև ադրբեջանական կողմին։ ՀՀ քննչական կոմիտեում դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ», - ասվում է ԱԱԾ հաղորդագրությունում։


