


ԱրմԻնֆո: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էդգար Արսենյանը ՀՀ պատվիրակության կազմում մասնակցում է Հանցագործությունների կանխարգելման և քրեական արդարադատության ՄԱԿ-ի 15-րդ կոնգրեսին:
Գերատեսչության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Էդգար Արսենյանը զեկույցով ներկայացրել է ՀՀ փորձը և մոտեցումները հանցագործությունների կանխարգելման և քրեական արդարադատության ոլորտում՝ հատուկ շեշտը դնելով միջազգային համագործակցության կարևորության և դրա հետագա զարգացման ոլորտների վրա: Գլխավոր դատախազի տեղակալը անդրադարձել է Հայաստանում ապօրինի ձեռք բերված գույքի բռնագրավման ինստիտուտի նպատակներին և առանձնահատկություններին, փոխադարձ իրավական օգնության և միջազգային համագործակցության կարևորությանը՝ արտերկրում գտնվող ակտիվների հայտնաբերման և դրանց մասին տեղեկատվություն ստանալու համատեքստում: Քննարկվել են նաև գործնական մարտահրավերները, Հայաստանի և նրա արտասահմանյան գործընկերների միջև հարցումների փոխանակման փորձը և համագործակցության արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:
Նույն օրը Էդգար Արսենյանը հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների գլխավոր դատախազ Համադ Սաիֆ Ալ-Շամսիի հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվել են ՀՀ-ում ապօրինի ակտիվների բռնագրավման առանձնահատկությունները: Քննարկվել են նաև Հանրապետության կողմից ԱՄԷ իրավասու մարմիններին ներկայացված անհատական գործերի վերաբերյալ հարցումների քննարկման գործընթացը՝ փոխադարձ իրավական օգնության շրջանակներում, դրանց վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու, ակտիվների որոնման, տեղեկատվության ժամանակին փոխանակման և միջազգային հարցումների մշակման արդյունավետության բարձրացման հարցերը: Հանդիպումից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել ամրապնդել գործնական համագործակցությունը և բարելավել ապագա համագործակցության արդյունավետությունը:
Այցի ընթացքում ՀՀ պատվիրակությունը երկկողմ հանդիպումներ է ունեցել նաև գործընկեր պետությունների դատական համակարգերի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ ԱՄԷ-ի և Կատարի պետության արդարադատության նախարարների գլխավորած պատվիրակությունների հետ: Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր և համագործակցության զարգացման հեռանկարներ:


