


ԱրմԻնֆո. Հայաստանի հանրային հեռարձակողի խորհուրդը հետաքննություն կանցկացնի Հանրային հեռուստատեսությամբ Տաթա Սիմոնյանի համերգի ցուցադրման հետ կապված միջադեպի հանգամանքների առնչությամբ, որը ցուցադրվել էր 44-օրյա պատերազմի մեկնարկի 6-րդ տարելիցին։ Այս մասին ասվում է Խորհրդի հաղորդագրության մեջ։
Հաղորդագրության մեջ հիշեցվում է, որ սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի մեկնարկի 6-րդ տարելիցին, Հանրային հեռուստատեսությունը ցուցադրել էր Տաթա Սիմոնյանի համերգի տեսագրությունը։ Այս փաստը հանրության շրջանում բուռն արձագանք առաջացրեց և արժանացավ միանգամայն հիմնավորված դժգոհության, քննադատության ու վրդովմունքի։ Հաջորդ օրը Հանրային հեռուստատեսությունը հանդես եկավ հրապարակային հայտարարությամբ՝ ընդունելով իր սխալը և ներողություն խնդրելով հանրությունից։
"Հանրային հեռարձակողի խորհուրդը կհետաքննի միջադեպի հանգամանքները և իր լիազորությունների շրջանակում համապատասխան միջոցներ կձեռնարկի մեղավորների նկատմամբ, որպեսզի այսուհետ բացառվի հանրության համար չափազանց զգայուն թեմաների նկատմամբ անպատասխանատվությունը", - ասվում է հաղորդագրության մեջ։


