


Արմինֆո: Հայաստանը կարևորում է Ֆրանսիայի հետ առևտրատնտեսական հարաբերությունների շարունակական զարգացումը: Այս մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորիան Էսկուդիեի հետ հանդիպման ժամանակ:
Կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ նա զգալի ներդրում կունենա հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա ամրապնդման և ռազմավարական գործընկերության խորացման գործում:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի հիմնական ուղղությունների շուրջ, այդ թվում՝ մանրամասն քննարկել են ոռոգման, ջրամատակարարման, ճանապարհաշինության և կրթության ոլորտներում շարունակական համագործակցությունը: Հատուկ ուշադրություն է դարձվել երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությանը: Այս համատեքստում Տիգրան Խաչատրյանը բարձր է գնահատել վերջին տարիներին երկկողմ առևտրի դինամիկան և անդրադարձել երկու երկրների գործարար շրջանակների միջև համագործակցության խորացման կարևորությանը:


