


ԱրմԻնֆո. Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մշակութային կենտրոնում տեղի է ունեցել հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր, կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 155-ամյակին նվիրված միջոցառում:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍ) մամուլի ծառայության հաղորդմամբ, Լազարևի ինստիտուտի պետական դահլիճում բացվել է «Հանդիպումներ Լազարևի ինստիտուտում» միջազգային վավերագրական ցուցահանդեսը: Ցուցահանդեսում ներկայացված են Ա. Սպենդիարյանի կյանքի և ստեղծագործության մասին նյութեր, ինչպես նաև հետաքրքիր փաստեր երկու ականավոր հայ կոմպոզիտորների՝ Ալեքսանդր Սպենդիարյանի և Արամ Խաչատրյանի հանդիպման մասին, որը տեղի է ունեցել Լազարևի ինստիտուտում։
Միջոցառման ընթացքում ներկայացվել է Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանի տեսաներկայացումը և համերգ՝ Խաչատրյանի եռյակի մասնակցությամբ, որը կատարել է Ա. Սպենդիարյանի և Ա. Խաչատրյանի ստեղծագործությունները։
Երեկոն կազմակերպվել է Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի նախաձեռնությամբ՝ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանատան մշակույթի կենտրոնի հետ համագործակցությամբ և Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ։


