


Արմինֆո.Նմուշառված մրգերում հայտնաբերվել են միջատասպան նյութի մնացորդներ․ պտուղ-բանջարեղենի վաճառակետերում վերահսկողություն կիրականացվի: ՀՀ սննդամթերթի անվտանգության տեսչական մարմինն այդպես է արձագաանքել օրեր առաջ սոցիալական ցանցերում տարածված և հանրային հնչեղություն ստացած տեսանյութին, որում քաղաքացին ականատես է լինում, թե ինչպես է պտուղ-բանջարեղենի խանութի (Երևան, Սարյան 33/4) աշխատակիցը միջատասպան «Դիխլոֆոս» տեսակի նյութ փչում վաճառվող մրգերի վրա, որոնցից նմուշներ էր վերցրել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը՝ ձեռնարկված վերահսկողական միջոցառումների արդյունքում։
«Ըստ լաբորատոր փորձաքննության արձանագրության՝ նմուշառված մրգերում հայտնաբերվել են միջատասպան նյութի մնացորդներ։
Տեսչական մարմինը, կարևորելով հանրային առողջության պահպանումը, պտուղ-բանջարեղենի վաճառակետերում կիրականացնի լայնածավալ վերահսկողություն՝ ստուգելով սանիտարահիգիենիկ նորմերի պահպանումը։
Միաժամանակ, վաճառվող պտուղ-բանջարեղենից նմուշներ կվերցվեն և կներկայացվեն լաբորատոր փորձաքննության՝ մնացորդային նյութերի ուսումնասիրության միջոցով պարզելու, թե արդյոք միջատասպան նյութի կիրառման նման դեպքերը կրկնվում են այլ վաճառակետերում ևս։
Հորդորում ենք քաղաքացիներին նման դեպքեր արձանագրելու դեպքում անմիջապես ահազանգել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծին՝ 118 հեռախոսահամարով», - ասվում է տեսչական մարմնի հաղորդագրությունում։


