
Արմինֆո.Վերջին երկու-երեք տարիներին հայկական կողմը մի քանի հնարավորություն է բաց թողել միջազգային հարթակներում հայ ռազմագերիների հարցն ավելի ակտիվ բարձրացնելու և նրանց վերադարձին հասնելու համար: Սեպտեմբերի 28-ին այդ մասին հայտարարել է մարդու իրավունքների փորձագետ, "Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների" ՀԿ ներկայացուցիչ Աննա Մելիքյանը՝ "Երեք տարի բանտում. խաղաղությունը և հայ գերիները "թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ:
Նա, մասնավորապես, արձագանքել է "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության պատգամավորներ Արփի Դավոյանի և Մարիա Կարապետյանի հայտարարություններին։ Դավոյանը պատմական զուգահեռ է անցկացրել, հայտարարելով, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո ռազմագերիների վերադարձը տևել է մինչև տասը տարի, իսկ Կարապետյանը հայտարարել է, որ հայ գերիների վերադարձի հարցը պետք է բարձրացնել միջազգային հանդիպումներում "հնարավորինս հանգիստ տոնով", որպեսզի արտասահմանյան գործընկերների շրջանում չստեղծվի տպավորություն, թե Հայաստանը փորձում է վնաս հասցնել Ադրբեջանի հեղինակությանը։
"Չեմ կիսում այն դիրքորոշումը, որ մենք պետք է նշաձողն այնքան իջեցնենք, մինչև տեղ չլինի, որ այն ավելի իջեցնենք։ Բերված օրինակը պատմության մեջ արձանագրված վատթարագույններից մեկն է։ Չէ որ հենց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ժնևյան կոնվենցիաներում փոփոխություններ կատարվեցին, այդ թվում ՝ հստակեցվեցին ռազմագերիների վերադարձին վերաբերող նորմերը, որոնց նկատմամբ արդեն կայացված էր դատական վճիռ", - հիշեցրել է փորձագետը։
Մինչդեռ, ինչպես նկատել է Մելիքյանը, Ադրբեջանն ակտիվորեն օգտագործում է միջազգային իրավունքի այն դրույթները, որոնք կարող են մեկնաբանվել իր օգտին: Նրա խոսքով ՝ երրորդ կողմի համար, որը ծանոթ չէ գործի բոլոր հանգամանքներին, նման հիմնավորումը կարող է համոզիչ թվալ։ Նա հիշեցրել է, որ Ժնևյան կոնվենցիաները և միջազգային մարդասիրական իրավունքը նախատեսում են պատերազմական հանցագործությունների, ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու հնարավորություն: "Հենց դրանով է Ադրբեջանը փորձում հիմնավորել հայ ռազմագերիների նկատմամբ կայացված դատավճիռները՝ նրանց ներկայացնելով որպես պատերազմական հանցագործություններ կատարած անձանց։ Եվ հենց այստեղ էր, որ հայկական կողմը ՝ ինչպես իշխանությունները, այնպես էլ գործող այլ անձինք, պետք է հետևողականորեն միջազգային հանրությանը բացատրեին այդ գործընթացների հանգամանքները և մատնանշեին դրանք արդար դատաքննություն համարելու հիմքերի բացակայությունը: Այսինքն, մենք չպետք է վերցնենք ամենավատ օրինակը, որպեսզի արդարացնենք մեր անգործությունը ։ Ընդհակառակը, իրավունքը պահանջում է, որ զինված հակամարտության ակտիվ փուլի ավարտից հետո գերիները վերադարձվեն։ Վերջին երկու-երեք տարիների ընթացքում հայկական կողմը բաց է թողել մի քանի հնարավորություն՝ միջազգային հարթակներում այդ հարցն ավելի ակտիվ բարձրացնելու և գերիների վերադարձին հասնելու համար", - կարծում է Մելիքյանը։
Անդրադառնալով Ադրբեջանի հեղինակությանը հնարավոր վնաս հասցնելու մասին հայտարարությանը՝ Մելիքյանը նշել է, որ տեսնում է միջազգային հարթակներում հայկական պատվիրակությունների կողմից օգտագործվող ձևակերպումների աստիճանական մեղմացում: Նրա խոսքով ՝ ամեն անգամ հայկական կողմն ավելի քիչ է խոսում խնդրի մասին ուղղակիորեն, չի պահանջում արդարություն և գերիների վերադարձ, այլ սահմանափակվում է հայտարարություններով, թե ակնկալում է նրանց վերադարձ: Այդ առնչությամբ Մելիքյանը հիշեցրել է, որ մի քանի օրից Վարշավայում տեղի կունենա "Մարդկային չափման վարշավյան կոնֆերանսը" (2026 թվականի հոկտեմբերի 5-15 - ը ՝ խմբ.): Նրա կարծիքով, այդ հարթակում ևս հայկական պատվիրակությունը կարող է սահմանափակվել մեղմ ձևակերպումներով և ուշադրությունը չսեւեռել այն հանգամանքի վրա, որ հայ գերիները շարունակում են գտնվել Բաքվում: Մինչդեռ, ինչպես հիշեցրել է փորձագետը, Ադրբեջանում մինչ օրս գտնվում են անձինք, ովքեր, իրենց հերթին, պետք է պատիժ կրեին պատերքզմական հանցագործություններ կատարելու համար, ինչը մինչ օրս տեղի չի ունեցել: "Մի շարք միջազգային կազմակերպություններ ավելի վաղ Ադրբեջանին կոչ էին արել համապատասխան հետաքննություն անցկացնել և ապահովել մեղավորներին պատասխանատվության ենթարկելը։ Այս մասին այսօր շատ ավելի քիչ է խոսվում, այդ թվում՝ այն պատճառով, որ հայկական կողմն ինքն է դադարել ակտիվորեն բարձրացնել այդ հարցը։ Երրորդ կողմի համար այս առումով շատ ավելի հեշտ է խուսափել պատասխանատվությունից, եթե կողմերից մեկը պահանջ չունի", - պարզաբանել է մարդու իրավունքների փորձագետը։
Այդ առնչությամբ փորձագետը կոչ է արել Հայաստանի իշխանություններին միջազգային հարթակներում ավելի ակտիվ բարձրացնել գերիների հարցը, քանի որ դա, ըստ նրա, կարող է լրացուցիչ հնարավորություններ ստեղծել երրորդ պետությունների և միջազգային կազմակերպությունների միջնորդության համար, եթե ուղղակի ճանապարհով հասնել հարցի լուծմանը չի հաջողվում: "Ոչ ոք չի ասում, որ հայկական կողմը պետք է բացառապես մեղադրական երանգ ընդունի, հատկապես, հաշվի առնելով, որ կաշկանդված է հրապարակային ոլորտում, այդ թվում ՝ բանակցային ներուժի պակասի հետևանքով: Բայց ուղղակի ճնշման բավարար գործիքների բացակայությունը չի նշանակում, որ հարցը չպետք է բարձրացվի դիվանագիտական մակարդակով", - ընդգծել է Մելիքյանը։
Իր հերթին՝ միջազգային իրավունքի մասնագետ, ELL PARTNERSHIP իրավաբանական ընկերության հիմնադիր-գործընկեր Տարոն Սիմոնյանը նշել է, որ պետությունը պարտավոր է մասնակցել նման գործընթացներին և պաշտպանել իր քաղաքացիներին: Նրա խոսքով ՝ դա պետության սահմանադրական պարտականությունն է, իսկ նման պարտականություն չկատարելը, նրա գնահատմամբ, կարող է դիտվել որպես սահմանադրական պարտավորությունների խախտում: Խոսելով "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության պատգամավորների հայտարարությունների մասին՝ Սիմոնյանը նշել է, որ նրանք պետք է ավելի խիստ լինեն իրենց ձևակերպումներում, քանի որ առանձին դեպքերում պաշտոնյաների հայտարարությունները կարող են վերագրվել պետությանը: Նրա խոսքով ՝ միջազգային պրակտիկայում, նույնիսկ, պատգամավորի հայտարարությունը կարող է, թեկուզ ոչ ուղղակիորեն, դիտարկվել որպես պետության դիրքորոշում: "Չի կարելի նույնիսկ այդ հարցերը լուծելու սեփական անկարողությունը կամ անգործությունն արդարացնելու համար տգիտություն քարոզել։ Եթե ներկայիս իրավիճակը համեմատենք Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ընկած ժամանակահատվածի հետ և այդ համեմատությունն օգտագործենք գերիների երկարատև պահումն արդարացնելու համար, ապա նույն տրամաբանությամբ կարելի է անդրադառնալ, նույնիսկ, ավելի հեռավոր պատմական ժամանակաշրջաններին, երբ ռազմագերիներին ստրուկի էին վերածում կամ մահապատժի ենթարկում", - ընդգծել է Սիմոնյանը։
Մինչդեռ, նրա ասելով, Հայաստանը կարող էր դիմել ՄԱԿ Միջազգային դատարան և հետամուտ լինել Ադրբեջանի պատասխանատվությանը: Այս առնչությամբ նա հիշեցրել է, որ գործերից մեկի վերաբերյալ արդեն կա միջանկյալ որոշում, որը կայացվել է կողմերի միջև վեճի շրջանակներում: "Գոյություն ունեն նաև միջազգային կոնվենցիաներ, որոնք կարող են օգտագործվել համապատասխան իրավունքների պաշտպանության համար, ընդ որում, Ադրբեջանը մասնակից է մի շարք նման միջազգային պայմանագրերի։ Բայց հարցն այն է, թե ինչու այս գործիքակազմը չի օգտագործվում: Այս գործիքակազմը չօգտագործելը սեփական ժողովրդի նկատմամբ հանցագործության իրականացում է", - եզրափակել է Սիմոնյանը: