


Արմինֆո.Նույնիսկ Վրացական պատրիարքարանին ուղղված հայտարարության մեջ Ադրբեջանի ԱԳՆ-ը զերծ չի մնացել Հայ Առաքելական Եկեղեցու հիշատակումից։
Ըստ ԶԼՄ-ների, Վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարքարանը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում գտնվող Կուրմուխի Սուրբ Գեորգի տաճարի տարածքում իրականացվող պեղումների առնչությամբ: Մասնավորապես, այնտեղ հայտարարել են, որ այդ պեղումներն իրականացվում են միակողմանի կարգով, և կոչ են արել Վրաստանի իշխանություններին արձագանքել այդ իրավիճակին: Ի պատասխան՝ Ադրբեջանի ԱԳՆ-ում հայտարարել են, որ նման հայտարարությունները հակասում են երկրների միջև առկա բարեկամական հարաբերություններին, և վրացական կողմի նման մոտեցումը անվանել են "տարածքային նկրտումներ պարունակող":
Ուշագրավն այն է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն իր հայտարարության մեջ չի շրջանցել նաև Հայ Առաքելական Եկեղեցին: "Խորհուրդ չի տրվում, որ Վրաց պատրիարքարանը կրկնի Հայ Եկեղեցու հայտնի մոտեցումները և հետևի նրա օրինակին", - մասնավորապես, հայտարարել են Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունում:


