


Արմինֆո. Դրսից թելադրանքով շարժվելով՝ Հայաստանի ինքնիշխանության մասին խոսելն անիմաստ է։ Այդ մասին սեպտեմբերի 25-ին հայտարարել է "Ուժեղ Հայաստան" դաշինքի առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանը՝ դատարանի հերթական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին։
Նրա ասելով՝ այդ հարաբերությունները, հնարավոր է, հաաաջողվի կարգավորել, եթե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը "Շանզ-Էլիզեի" փոխարեն երգի "Մատուշկա զեմլյա": Այն հայտարարությունների ֆոնին, թե առաջիկայում կարող է տեղի ունենալ Փաշինյանի այցը Մոսկվա, Կարապետյանը ներկայացրել է դիրքորոշումը, թե ինչ սպասել դրանից: "Ռուսաստանը որոշակի գործողություններ է իրականացնում։ Մնացածը կախված է Փաշինյանից, նրա պահվածքից։ Նրանց հարաբերությունները (Ռուսաստանի հետ - խմբ.) գնահատել կարող է միայն նա։ Ընդ որում, ես կասկածում եմ, որ մենք հիմա կարող ենք խոսել գոնե մեզ մոտ 10% սուվերենության առկայության մասին։ Եթե ամեն օր մենք շարժվենք դրսի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, նրա աշխատողների թելադրանքով, ապա ինքնիշխանության մասին խոսելն, ուղղակի, ամոթ է", - հայտարարել է դաշինքի առաջնորդը։
Իսկ արձագանքելով Փաշինյանի այն հայտարարությանը, թե իրենք իրականացնում են Ռուսաստանի հետ հարաբերությունների գույքագրում, Կարապետյանը նշել է, որ պետք չէ լուրջ վերաբերվել նրա խոսքերին: "Նա այս պահին կարող է ասել ինչ ուզի։ Որոշ ժամանակ անց կսկսի արդեն այլ բան ասել։ Դրա համար էլ խորհուրդ եմ տվել՝ ավելի լավ է երգի", - եզրափակել է Կարապետյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը "ՌԻԱ Նովոստի"-ին հաղորդել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան կարող է տեղի ունենալ ամենամոտ ժամանակներս, սակայն ստույգ ամսաթիվը դեռ չի որոշվել:


