


Արմինֆո.Հոլիվուդյան կուլտային ռեժիսոր, համաշխարհային կինոյի լեգենդ Ջեյմս Քեմերոնը կժամանի Հայաստան: Այդ մասին հաղորդում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ Mezzo Production-ի հետ համատեղ:
Աղբյուրի համաձայն, ռեժիսորը երևանյան հանդիսատեսի հետ կհանդիպի նոյեմբերի 23-ին ՝ Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, եւ կխոսի կինոյի, ստեղծագործական ուղու, մեծ գաղափարների ու տեխնոլոգիական նորարարությունների մասին:
"Սա բացառիկ հնարավորություն է հանդիպելու մեր ժամանակների ամենաազդեցիկ կինոգործիչներից մեկի հետ, լսելու նրա պատմությունները կինեմատոգրաֆիական աշխարհից և ավելին իմանալու ստեղծագործական մտածողության մասին, որի շնորհիվ ի հայտ են եկել համաշխարհային կինոյի պատմության մեջ ամենանշանավոր նախագծերը", - ասվում է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Ջեյմս Քեմերոնը կանադացի նշանավոր կինոռեժիսոր է, սցենարիստ, պրոդյուսեր։ Նա կինոյի պատմության մեջ կոմերցիոն առումով ամենահաջողակ ռեժիսորներից մեկն է։ Նրա ամենահայտնի գործերից են «Տերմինատորը» (1984), «Այլմոլորակայինները» (1986), «Տերմինատոր 2. դատաստանի օրը» (1991), «Տիտանիկը» (1997) և «Ավատարը» (2009): «Տիտանիկ» ֆիլմի համար Քեմերոնը ստացել է "Օսկար" մրցանակ՝ ռեժիսուրայի և մոնտաժի համար, ինչպես նաև՝ որպես ֆիլմի պրոդյուսերներից մեկը, որը հաղթել է "Լավագույն ֆիլմ" անվանակարգում: «Ավատար»-ն ստացել է "Օսկարի" ինը անվանակարգ, այդ թվում ՝ ռեժիսուրայի և լավագույն ֆիլմի համար։


