
Արմինֆո. Ռուսաստանը չի կարող միաժամանակ սպառնալիք ներկայացնել Երևանին և բարեկամ լինել՝ կախված այն բանից, թե այդ պահին որ երկրի մայրաքաղաքում է գտնվում Հայաստանի ղեկավարը։ Այդ մասին սեպտեմբերի 23-ին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղևորություններով և տարբեր երկրների ղեկավարների հետ հանդիպումներով փորձում է իր իշխանությունը պահպանելու հնարավորություններ գտնել: Ընդ որում, նա կարծում է, որ Հայաստանի վարչապետին բացարձակապես չի հետաքրքրում, թե դրա դիմաց ինչ է զիջում Հայաստանը։
"Այսինքն, նա այդ հնարավորությունները փնտրում է Հայաստանի շահերի հաշվին։ Եվ, ըստ էության, որևէ խոչընդոտ չկա տարբեր երկրների մայրաքաղաքներում միանգամայն տարբեր հայտարարություններ անելու համար, որոնց դիմաց վճարում է հայ ժողովուրդը։ Ստացվում է, որ Հայաստանի բարձրաստիճան պետական պաշտոնյան կանգնած է եվրոպացի պաշտոնյայի կողքին, ով հայտարարում է, թե Ռուսաստանը մեր դեմ հիբրիդային պատերազմ է վարում։ Հետո նույն մարդիկ գնում են Ռուսաստան և վստահեցնում, որ իրենք երկրի հետ բարեկամական հարաբերություններ ունեն։ Հիմա՝ հարց․ արդյունքում, Ռուսաստանը մեր դեմ հիբրիդային պատերազմ է վարում, թե՞ մենք նրա հետ, այնուամենայնիվ, լավագույն հարաբերություններ ունենք, նա սպառնալիք է, թե՞ բարեկամ երկիր։ Պետք է արդեն կողմնորոշվել։ Չի լինում այնպես, որ Բրյուսելում իրավիճակային առումով Ռուսաստանը սպառնալիք է ներկայացնում, իսկ Մոսկվայում արդեն դառնում է բարեկամական։ Հենց սա է խնդիրը", - կարծում է պատգամավորը։
Բացի այդ, ինչպես շարունակել է Վարդանյանը, Հայաստանի իշխանությունները երկու աթոռի վրա նստելու փորձերին զուգահեռ ձգտում են կատարել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պահանջները: Այս պահին, նրա ասելով, հայտնի է երեք պահանջ․ Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխություն, տարածքային նոր զիջումներ, Ամենայն հայոց կաթողիկոսի գահընկեցություն: Միևնույն ժամանակ, նա չի բացառել, որ կան նաեւ ուրիշներ: "Եթե մենք շարունակենք շարժվել այս տեմպերով, ապա մեր երկրին, ի վերջո, կմեղադրեն ագրեսիա իրականացնելու համար, ինչը կունենա իր հետևանքները։ Չզարմանաք, եթե մի օր Հայաստանին ռեպարացիայի պահանջ ներկայացվի։ Որովհետև, եթե Արցախը մեր հայրենիքը չէր, և այդ ամենն անօրինական էր, ուրեմն, Հայաստանը ագրեսոր երկիր է։ Դա հենց այն է, ինչին մենք պետք է դիմակայենք", - ընդգծել է պատգամավորը։
Հակառակ դեպքում, նրա ասելով, հաջորդը լինելու են Տավուշն ու Տիգրանաշենը։ Անդրադառնալով հարցին, թե որն է ընդդիմության խնդիրը այս իրավիճակում՝ "Հայաստան" դաշինքի տեսանկյունից, նա ասել է. "Այդ պահանջների իրականացման դեմ պատի նման կանգնելը: Դա մեր պատմական առաքելությունն է՝ մեզնից կախված ամեն ինչ անել դրա դեմ ։ Բայց միայն մեր դաշինքի ջանքերը բավարար չեն լինի դրա համար։ Այստեղ պետք է բոլոր նրանց աջակցությունը, ովքեր հնարավորություն ունեն դա անել։ Հենց այդպես ենք մենք պատկերացնում այս բոլոր գործընթացները և հավատում ենք, որ նոր զիջումների սպառնալիքը կարող է փոփոխությունների խթան դառնալ։ Այսինքն ՝ նրանց առաջ քաշած օրակարգերը կարող են, արդյունքում, բերել, օրինակ, ոչ թե Ամենայն հայոց կաթողիկոսի փոփոխության, այլ՝ իշխանափոխության։ Ուստի, թող հարյուր անգամ մտածեն՝ այդ ուղին ընտրելուց առաջ"։