


ԱրմԻնֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում անցկացվող «Կոնկորդիա» ամենամյա գագաթնաժողովի պանելային քննարկմանը։
Ինչպես հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը, վարչապետը պատասխանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության և դրա արդյունքում բացվող հնարավորությունների վերաբերյալ մոդերատորի հարցերին։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ներկայում աշխատանքը կենտրոնացած է TRIPP նախագծի իրականացման վրա, որի արդյունքում տարածաշրջանային փոխկապակցվածությունն ամբողջությամբ կբացվի։ «Սա նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար», - ասել է վարչապետը՝ հավելելով, որ սա նաև կյանքի է կոչում ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։
Այնուհետև պետության ղեկավարը պատմել է տեղեկատվական տեխնոլոգիաների, մասնավորապես՝ արհեստական բանականության ոլորտում Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության մասին։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ անցյալ տարվա օգոստոսի 8-ին ԱՄՆ-ի հետ ստորագրված փոխըմբռնման հուշագրի արդյունքում Հայաստանում մեկ տարվա ընթացքում ստեղծվել է արհեստական բանականության երեք կենտրոն, որոնցից երկուսը խոշորածավալ ներդրումային նախագծեր են։
Վարչապետն անդրադարձել է նաև տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման թեմային՝ հավելելով, որ դրանք երկրում հաջողությամբ զարգանում են և համարվում են տնտեսության կարևոր մասը։ Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ խաղաղության հաստատմամբ Հայաստանի ներդրումային գրավչությունը հետևողականորեն կաճի։
Վարչապետ Փաշինյանը պատասխանել է նաև էներգետիկ ոլորտում ինքնաբավության հասնելու հնարավորությունների, էներգիայի պահեստարանների ձևավորման և նոր ատոմակայանի կառուցմանն ուղղված քայլերի վերաբերյալ հարցերին։
Խոսելով Միացյալ Նահանգների և Եվրոպական միության հետ հարաբերությունների մասին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկու ուղղություններով էլ հաստատվել են ռազմավարական գործընկերություններ, և ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը կշարունակի խորացնել իր հավասարակշռված և կշռադատված արտաքին քաղաքականությունը։


