


Արմինֆո. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Շեյխա Նասեր Ալ Նուեյսին, ով Հայաստան է ժամանել Երևանում իրականացվող «Ճամփորդել հանուն առողջության, մնալ հանուն ապաքինման․երբ բուժառուն դառնում է հյուր» խորագրով բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողովի շրջանակներում:
Կառավարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են զբոսաշրջության ոլորտում Հայաստանի մեծ ներուժը և դրա իրացման հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել զբոսաշրջության ոլորտի կարգավորումներին և թվային լուծումներին ու Հայաստանում այս ուղղությամբ լավագույն փորձի տեղայնացման հեռանկարին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության հետ Հայաստանի համագործակցության հնարավոր ուղղությունների շուրջ: Այս համատեքստում փոխվարչապետը կարևորել է կազմակերպության կուտակած փորձն ու գիտելիքը՝ հույս հայտնելով, որ փորձագիտական աջակցությունը թույլ կտա համատեղ ուժերով առավել զարգացնել զբոսաշրջության ոլորտը Հայաստանում:
Նշենք, որ Զբոսաշրջության կոմիտեի տվյալներով՝ 2026 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Հայաստան է այցելել 1.467 մլն զբոսաշրջիկ, ինչը 1,7% - ով զիջում է մեկ տարվա վաղեմության ցուցանիշին։


