
Արմինֆո. 2027 թվականի սեպտեմբերին Հայաստանում տեղի կունենա Սևծովյան տարածաշրջանի երկրների հեռուստառադիոհեռարձակման հարցերը կարգավորող մարմինների (BRAF) 14-րդ տարեկան համաժողովը:
Ինչպես հաղորդել է Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի մամուլի ծառայությունը, համապատասխան որոշումն ընդունվել է սեպտեմբերի 16-18-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած Սևծովյան կարգավորող մարմինների (Black Sea Regulatory Authorities Forum) 13-րդ տարեկան համաժողովում, որը միավորում է 12 երկրների կարգավորող մարմիններին։ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի պատվիրակությունը մասնակցել է Համաժողովին՝ ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի գլխավորությամբ։
ՀՌՀ միջազգային կապերի, հասարակայնության հետ կապերի և զարգացման ծրագրերի բաժնի պետ Ալլա Թումանյանը ներկայացրել է ՀՀ-ի հեռուստատեսության և ռադիոյի ոլորտում առկա խնդիրները, դրանց լուծման ուղիները, ինչպես նաև 2025թ․ Հանձնաժողովի կատարած աշխատանքները և նշանակալի ձեռքբերումները։
«Մասնակից անդամ մարմինների՝ երկրների վերաբերյալ զեկույցների ներկայացումից հետո ՀՌՀ-ն առաջադրվել է որպես 2027թ․ հաջորդ նախագահող մարմին, ինչը միաձայն հաստատվել է։ Այսպիսով՝ BRAF-ի 14-րդ տարեկան համաժողովը տեղի է ունենալու 2027թ․ սեպտեմբերին Հայաստանում», - ասվում է ՀՌՀ հաղորդագրությունում։
Միջոցառման ընթացքում կայացել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի և Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի (RTÜK) նախագահի տեղակալ Դենիզ Գյուլերի հանդիպումը, որի ընթացքում կողմերը քննարկել են հեռարձակման ոլորտում առկա զարգացումները և արդի մարտահրավերները, ինչպես նաև կարգավորող մարմինների գործունեությանն առնչվող մի շարք հարցեր։
«Ինչպես է ԱԲ-ն վերափոխում բովանդակության ստեղծումը, մոդերացումը և տարածումը» թեմայով առաջին պանելային քննարկմանը մասնակցել է ՀՌՀ նախագահի խորհրդական Լիլիա Սիմոնյանը, ինչպես նաև Բուլղարիայի և Հունաստանի ներկայացուցիչները։
Օրվա երկրորդ՝ «Մեդիայի կարգավորման ապագան ԱԲ-ով պայմանավորված աշխարհում» թեմայով պանելային քննարկմանը մասնակցել են Ալբանիայի, Թուրքիայի, Սերբիայի և Ռումինիայի ներկայացուցիչները։