



Արմինֆո. Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանն արդարացրել է բլոգեր Արտակ Ավետիսյանին, ով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դավաճան էր անվանել: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
«Նախընտրական շրջանում ատելության խոսքի հոդվածով (քաղաքական հայացքների հիմքով) մեկ ամսով կալանավորված, այնուհետև՝ ծանրացուցիչ հանգամանքներով խուլիգանության հոդվածով մեղադրված Արտակ Ավետիսյանին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (դատավոր՝ Մ.Արամյան) արդարացրեց», - գրել է փաստաբանը։
Հիշեցնենք, որ բլոգերը ձերբակալվել էր մայիսի 12-ին՝ Փաշինյանի քաղաքականությունը քննադատելուց և նրան դավաճան անվանելուց հետո: Քննությամբ Ավետիսյանին մեղսագրվել էին ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ տարածելուն ուղղված հրապարակային հայտարարություններ, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը՝ հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների կիրառմամբ: Հատկանշական է, որ մինչ այդ նույն բլոգերը հրապարակել էր դեն նետված մարդասիրական օգնությունը պատկերող կադրեր, որն, ըստ ամենայնի, ուղարկվել էր հայկական բանակին՝ 2020 թվականի Արցախի շուրջ 44-օրյա պատերազմի ընթացքում:


