
Արմինֆո. Սեպտեմբերի 18-ի դատական նիստի ընթացքում վատացել է Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի վիճակը, նրան պատգարակով տարել են դատարանի շենքից:
Նշենք, որ նիստն ընթացել է շտապօգնության բժիշկների ներկայությամբ։ Խաչատրյանին այդ նիստին կրկին բերել էին պատգարակով։ Որոշ ժամանակ անց նրա վիճակը վատացել է, բժիշկները սկսել են չափել նրա արյան մեջ շաքարի մակարդակը ։ Դրանից հետո նրան դուրս են բերել դատարանի դահլիճից։ Փողոցում ՊԵԿ նախկին ղեկավարին սպասում էր շտապօգնության մեքենան։
Հատկանշական է, որ մինչ այդ ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը, արձագանքելով Խաչատրյանի պաշտպանական կողմի հայտարարությանը, հավաստիացրել էր, որ ՊԵԿ նախկին նախագահը ստանում է անհրաժեշտ բուժօգնություն: "Գագիկ Խաչատրյանը, ինչպես ազատությունից զրկված մյուս բոլոր անձինք, քրեակատարողական հիմնարկներում ստանում են անհրաժեշտ և համարժեք բժշկական օգնություն և սպասարկում ՝ օրենքով սահմանված կարգով, իսկ անհրաժեշտության դեպքում ուղարկվում են նեղ մասնագիտական բժշկական հետազոտության: Խնդրում ենք զերծ մնալ ավելորդ շահարկումներից", - գրել է Ծատրյանը։
Նիստի ընթացքում փաստաբան Երեմ Սարգսյանը միջնորդել է հետագա նիստերն անցկացնել առանց Խաչատրյանի ներկայության: Դատավոր Վարդգես Ստեփանյանը բավարարել է նրա միջնորդությունը։
Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության 2026 թվականի օգոստոսի 29-ի որոշմամբ փոփոխվել և լրացվել է ՊԵԿ նախկին նախագահի նկատմամբ 2026 թվականի հունիսի 7-ին Քննչական կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում հարուցված քրեական գործը և նախաձեռնվել է նոր հանրային քրեական հետապնդում: Խաչատրյանը ձերբակալվել է սեպտեմբերի 1-ին այն բանից հետո, երբ ուժայինները խուզարկություններ են կատարել նրա և որդու բնակարաններում, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված 21 ընկերությունների գրասենյակներում և մասնաճյուղերում: Նշված գործողություններն իրականացվել են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման գործերով քրեական վարույթի շրջանակներում: Սեպտեմբերի 2-ին նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը ՝ 2 ամիս ժամկետով:
Հավելենք, որ սեպտեմբերի 1-ին ՊԵԿ նախկին նախագահի փաստաբանները տեսանյութ էին հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են հիվանդ Խաչատրյանին բառացիորեն հանում անկողնուց, պառկեցնում պատգարակի վրա, որպեսզի նրան դատարան տանեն: Դատարանում նախկին նախարարին պառկեցրել են աթոռների վրա, ինչը փաստաբանների թիմի կողմից որակվել է որպես խոշտանգումների շարունակություն։ Սեպտեմբերի 10-ին փաստաբան Երեմ Սարգսյանը հաղորդել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Գագիկ Խաչատրյանի պաշտպանության ներկայացրած բողոքի վերաբերյալ հարցում է ուղարկել ՀՀ կառավարությանը: