



Արմինֆո. Հրազդան քաղաքում ոստիկանության աշխատակիցների կողմից քաղաքացուն առերևույթ խոշտանգելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Այդ մասին հաղորդել է Ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։
«Օրերս լրատվական կայքերից մեկն անդրադարձել էր Հրազդանում ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացու նկատմամբ առերևույթ խոշտանգման դեպքին։ Հրապարակումից անմիջապես հետո ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն, ինչի մասին հանրությանը տեղեկացրել ենք։ Այնուհետև Քննչական կոմիտեում նախաձեռնվել է նաև քրեական վարույթ։
Հայաստանի Հանրապետությունը իրավական պետություն է, և խնդիրը հանգուցալուծվում է բացառապես իրավական ընթացակարգերով։ Ոստիկանության համակարգում առերևույթ նման դրվագները բացառիկ են և յուրաքանչյուր ահազանգ ստանում է պատշաճ իրավական գնահատական և ընթացք։ Նման դեպքերում որևէ դրսևորում չի կարող անտեսվել կամ մնալ անհետևանք։ Վերջնական գնահատականը կտրվի իրականացվող քննությունների արդյունքներով», - գրել է Նարեկ Սարգսյանը։


