



ԱրմԻնֆո. Սեպտեմբերի 16-ին Սոֆիայում տեղի է ունեցել Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի հանդիպումը Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի (RTÜK) նախագահի տեղակալ Դենիզ Գյուլերի հետ։
ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հեռարձակման ոլորտում առկա զարգացումները և արդի մարտահրավերները, ինչպես նաև կարգավորող մարմինների գործունեությանն առնչվող մի շարք հարցեր։
Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Թուրքիայի կարգավորող մարմինների միջև համագործակցության հետագա զարգացման և ընդլայնման հնարավորություններին, այդ թվում՝ փորձի և մասնագիտական գիտելիքների փոխանակմանը, ոլորտային երկխոսության ակտիվացմանը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնությունների շրջանակում համագործակցությանը, ինչպես նաև ընդգծվել է միջազգային և տարածաշրջանային հարթակներում համագործակցության ընդլայնման կարևորությունը։
Կողմերը կարևորել են նման հանդիպումների շարունակականությունը՝ ընդգծելով երկխոսության կարևորությունը հեռարձակման ոլորտի արդյունավետ կարգավորման և նոր մարտահրավերներին համատեղ արձագանքելու տեսանկյունից։
Քննարկվել է Համագործակցության հուշագրի հնարավոր ստորագրումը, որի նախագիծն արդեն մշակման փուլում է։


