
ԱրմԻնֆո. Եթե ստեղծվի այնպիսի իրավիճակ, որի պայմաններում Հայաստանի ազգային ինքնիշխանությունը կամ տարածքային ամբողջականությունը հայտնվեն սպառնալիքի տակ, ապա Իրանը վճռական և շատ լուրջ դիրքորոշում կհայտնի։ Այս մասին սեպտեմբերի 17-ին TRIPP-ի թեմայով համաժողովում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրգոլամին։
Դիվանագետը նշել է, որ Իրանը վճռականորեն և հստակ հանդես է եկել այսպես կոչված "Զանգեզուրի միջանցքի" գաղափարի դեմ, քանի որ այդ ծրագիրն ուղղված էր Հայաստանի ինքնիշխանության նվազեցմանը։
Նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ ցանկացած այլընտրանքային նախագծի շրջանակում Հայաստանի ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանումը Իրանի համար "կարմիր գիծ" է՞։
"Եթե ստեղծվի այնպիսի իրավիճակ, որի պայմաններում Հայաստանի ազգային ինքնիշխանությունը կամ տարածքային ամբողջականությունը հայտնվեն սպառնալիքի տակ, ապա Իրանը վճռական և շատ լուրջ դիրքորոշում կհայտնի", - նշել է դեսպանը։
Միևնույն ժամանակ նա համոզմունք է հայտնել, որ հենց աշխարհաքաղաքական մեկուսացման և սեղմվածության պատմական զգացումն է ավելի կարևոր դեր խաղացել, քան տնտեսական նկատառումները, և դրդել Հայաստանին միանալ Նախիջևանը Ադրբեջանի հետ կապող նախագծին։
Միևնույն ժամանակ դիվանագետը կարծում է, որ միայն ժամանակը ցույց կտա, թե ինչպես TRIPP նախագիծը կարող է օգնել Հայաստանին դուրս գալ մեկուսացումից և ազատվել մեկուսացված լինելու զգացումից։
"Երկրորդ հարցը, որի մասին պետք է մտածել, Հայաստանի ազգային ինքնիշխանության ապահովումն է և այդ ինքնիշխանության երաշխիքների տրամադրման անհրաժեշտության վերաբերյալ դիրքորոշումը, հատկապես արտաքին ճնշման պայմաններում, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից առաջ մղվող և շահարկվող "Զանգեզուրի միջանցք" անվանումը կրող նախագծի համատեքստում, ինչպես նաև Հայաստանի շուրջ արտաքին ճնշման պայմաններում, մասնավորապես՝ այն պահանջների լույսի ներքո, որոնք Հայաստանի որոշ հարևաններ ներկայացնում են նրան։ Այս նախագծում կան ինքնիշխանության համար անընդունելի տարրեր, որոնք սպառնալիքներ էին ստեղծում Հայաստանի ազգային ինքնիշխանության համար, և, կարծես, Հայաստանն ԱՄՆ-ին ներգրավել է որպես հավասարակշռող գործոն և լրացուցիչ երաշխիք՝ անվտանգության և ինքնիշխանության ապահովման, ինչպես նաև Անկարայի և Բաքվի ճնշումը մեղմելու համար", - կարծում է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը։
Միևնույն ժամանակ նա վստահ է, որ միայն ժամանակը ցույց կտա, թե TRIPP-ի շրջանակում որքանով են որոշ կողմեր փորձում իրականացնել հենց "Զանգեզուրի միջանցքով" նախատեսված նպատակները, և որքանով կհաջողվի Հայաստանին պահպանել ազգային ինքնիշխանությունը և երաշխավորել դրա պաշտպանությունը, ինչպես նաև այն, թե որքանով ԱՄՆ-ի ներկայիս և ապագա իշխանությունները հավատարիմ կլինեն նախագծի իրականացմանը և որքանով կփորձեն աջակցել Հայաստանի ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությանը։
Շիրգոլամին, այնուհետև մատնանշելով նախագծի իրականացման հստակ մեխանիզմների կարևորությունը, որոնք կնպաստեին Հայաստանի ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ամրապնդմանը, ենթադրել է, որ նույնիսկ Հայաստանի իշխանությունները այս հարցի վերաբերյալ համապարփակ պատկերացում չունեն։
Անդրադառնալով Թեհրանի դիրքորոշմանը նախագծի վերաբերյալ՝ նա արձանագրել է, որ Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի թշնամական վերաբերմունքի պատճառով իրանական կողմը լրջորեն մտահոգված էր Հայաստանի և Իրանի սահմանին ամերիկացիների ներկայության կապակցությամբ։ Սակայն, նրա խոսքով, եթե ԱՄՆ-ը TRIPP-ի իրականացման ժամանակ առաջնորդվի այն մտայնությամբ, որ պետք է նվազագույնս խոչընդոտել Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների զարգացմանը, ապա դա նույնպես շատ կարևոր ձեռքբերում կլինի։ Նրա խոսքով՝ Իրանի մտահոգությունը ցրելու լավագույն միջոցն ինստիտուցիոնալ մեխանիզմի առկայությունն է, որի միջոցով հնարավոր կլինի քննարկել ծագող հարցերը և կառավարել դրանք։
"Մենք հույս ունենք, որ Հայաստանի կառավարությունն այս կարևոր հարցում կհետևի այնպիսի մոտեցման, որպեսզի չտուժեն Հայաստանի ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև որպեսզի երկիրը կարողանա հետևողականորեն առաջ մղել իր տնտեսական շահերը, և չտուժեն Հայաստանի ու նրա հարևանների միջև հարաբերությունները", - ընդգծել է Շիրգոլամին։
Միևնույն ժամանակ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանն ընդգծել է, որ ինչպես Հայաստանն է TRIPP-ի շրջանակում պատասխանատվությամբ փորձում օգնել Ադրբեջանին՝ Նախիջևանի հետ ցամաքային կապ ստեղծելու հարցում, և ջանքեր է ներդնում խաղաղության կառուցման գործում, այնպես էլ Ադրբեջանը պետք է պատասխանատվությամբ ապահովի Հայաստանի և Իրանի միջև Նախիջևանի միջոցով երկաթուղային կապի հնարավորությունը։
Նա ենթադրել է, որ Երասխի և Ջուլֆայի միջև երկաթուղային կապի ստեղծումը կարող է Հայաստանի համար նոր ներուժ ձևավորել՝ այն դարձնելով Պարսից ծոցը և Սև ծովը կապող կարևոր հանգույց։